Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահվում են մոտավորապես 14 հզ հայերեն ձեռագրեր, որոնց մեծ մասը գրաբար է։ Երկար ժամանակ գրաբարը ժողովրդին հասկանալի էր։ Բայց հետո խոսակցական հայոց լեզուն այնքան փոխվեց, որ մեծ տարբերություն առաջացավ նրա և գրական հայերենի՝ գրաբարի միջև։ Ժողովուրդը գրաբարն այլևս չէր հասկանում։

Եվ ահա 12-րդ դարից հայ բանաստեղծները, գիտնականներն սկսեցին գրել նաև ժողովրդին հասկանալի հայերենով։ Այսպես առաջացավ հայոց երկրորդ գրական լեզուն, որն այժմ կոչվում է միջին հայերեն։ Դրանով գրել են նշանավոր շատ բանաստեղծներ՝ Ֆրիկը, Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկուրանցին, Մկրտիչ Նաղաշը և ուրիշներ։

Միջին հայերենը գործածվեց մոտ 500 տարի, ապա նույնպես հնացավ։ Շուտով առաջացավ նոր գրական լեզու՝ աշխարհաբարը։ Դա տեղի ունեցավ 17-րդ դարում, մեզանից շուրջ 300 տարի առաջ։ Հայոց նոր գրական լեզվով տպագրված առաջին գիրքը «Արհեստ համարողության» վերնագրով թվաբանության դասագիրքն է, որը լույս է տեսել 1675 թ., Ֆրանսիայի Մարսել քաղաքում։

Այնուհետև մեր նոր գրական լեզուն շատ ճոխացավ, գեղեցկացավ։ Նրանով իրենց սքանչելի ստեղծագործությունները գրեցին Նաղաշ Հովնաթանը (նրա մասին դուք կկարդաք «Հովնաթանյաններ» զրույցում), Խ․ Աբովյանը, Ղ․ Ալիշանը, Մ․ Նալբանդյանը, Պ․ Դուրյանը, Րաֆֆին, Լ․ Պարոնյանը, Լ․ Թումանյանը, Ա. Իսահակյանը, Վ․ Տերյանը, Մ․ Մեծարենցը, Դ․ Վարուժանը, Սիամանթոն, Գ․ Զոհրապը, Ե․ Չարենցը, Ա․ Բակունցը և ուրիշներ։ Նոր գրական լեզվով գրվեցին հազարավոր գիտական գրքեր, հոդվածներ, լույս տեսան շատ թերթեր ու ամսագրեր։

Այսօր հայոց նոր գրական լեզուն աշխարհի ամենահարուստ լեզուներից է։ Այն ունի երկու ճյուղ՝ գրական արևելահայերեն և գրական արևմտահայերեն։ Դրանց տարբերությունները մեծ չեն, և երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են։ Ահա մեկական նմուշ յուրաքանչյուրից՝

Արևելահայերեն

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցընորում է կապույտ մութի աշխարհում։
(Վ. Տերյան)

Արևմտահայերեն

Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
հոգիներուն կ'իջնե երազ մը բուրյան,
ինչ հեշտին է մըթնշաղն այս սատափե։  :::(Մ. Մեծարենց)

Հայկական ՍՍՀ սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն, հայոց լեզուն Սովետական Հայաստանի պետական լեզուն է։ Հայոց լեզուն խոսվում է նաև Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանյան Ֆեդերացիայի տարբեր հայաշատ վայրերում և սփյուռքահայ գաղթավայրերում (Լիբանանում, Իրանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում և այլուր)։

Հայոց լեզվի գլխավոր պահապանը հայկական դպրոցներն են։ Այնտեղ են երեխաները սովորում մաշտոցյան այբուբենը, հայոց լեզվով սկսում ճանաչել աշխարհը, ձեռք բերում հայեցի մտածողություն։

Հայոց լեզուն հայ ժողովրդի մեծագույն հարստությունն է։ Պետք է սիրով ու երկյուղածությամբ