Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խառատն աշխատում է խառատային, ռանդողը՝ ռանդիչ, հղկողը՝ հղկիչ, մանողը՝ մանածագործական, ջուլհակուհին՝ ջուլհակային հաստոցի մոտ:

Նրանք բոլորն էլ հաստոցավարներ են՝ բանվորական նույն պրոֆեսիայի տեր մարդիկ: Հաստոցավարի աշխատանքը կա արտադրվող գրեթե յուրաքանչյուր առարկայի, մարդկային ձեռքերի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ՝ սկսած տիեզերանավից մինչև ատամի խոզանակը: Դրա համար էլ մարդիկ հատուկ հարգանք են տածում հաստոցավարների հանդեպ:

Արագորեն պտտվում է հաստոցի մեջ ամրացված դետալը, կտրիչի տակից գալարուն ժապավենով անընդհատ հոսում է պողպատի առաձգական տաշեղը: Խառատը համակ ուշադրություն է: Բավական է, որ մի ակնթարթ նրա ուշադրությունը շեղվի, և կփչանա դետալը, կամ կջարդվի կտրիչը, կամ էլ, որ ավելի վատ է, շարքից դուրս կգա հաստոցը: Ահա խառատը տաշեց հանեց կոպիտ տաշեղը, փոխեց կտրիչը, մեծացրեց արագությունը և մաքրատաշեց դետալը: Կրկին փոխեց կտրիչը, կոկիկ շրջատաշեց ակոսը, կտրեց ծայրերը: Վերջ: Կանգնեցրեց հաստոցը: Վերցրեց չափիչ գործիքը, ստուգեց: Ամեն ինչ կարգին է: Դետալը պատրաստ է: Այն հանեց հաստոցից, տեղադրեց հաջորդ նախապատրաստուկը, և նորից լսվեց հաստոցի գվվոցը:

Ճանապարհ բացելով մաքոքի համար հերթով վեր ու վար են անում հենքի երկայնական թելերը: Գործվածքի անվերջանալի ժապավենի մեջ ներհյուսելով լայնական թելերը՝ արագորեն ետ ու առաջ է շարժվում մաքոքը: Հաստոցների միջև քայլում է ջուլհակուհին, հետևում, որ թելերը չկտրվեն ու չխճվեն, որ գործվածքը բարձրորակ լինի:

Շիկացած մետաղին ծանրորեն հարվածում է մուրճը:Դարբինը ճարպկորեն շրջում ու պտտում է նախապատրաստուկը, մուրճի հարվածներին դեմ անելով նրա մեկ այս, մեկ այն կողմը, մինչև այն ստանա անհրաժեշտ ձևը:

Մի խոսքով, ամեն մի հաստոցավար իր հոգսերն ունի, և դրանցից ամենագլխավորը աշխատանքն արագ ու որակով կատարելն է:

Եթե հաստոցը պարզ է, ուրեմն աշխատանքն էլ հասարակ է, և նույնիսկ սկսնակն էլ կարող է այն անել: Հաստոցը բարդ է, աշխատանքն էլ է բարդ, և այստեղ արդեն պետք է փորձ ունենալ: Նման հաստոցների մոտ աշխատում են բարձր կարգ ունեցող հաստոցավարներ: Իսկ ահա ավտոմատ հաստոցն ինքն էլ կատարում է ամբողջ աշխատանքը: Հապա հաստոցավարը: Ավտոմատ հաստոցի մոտ արդեն աշխատում է օպերատորը, որը կարողանում է կառավարել ամենաբարդ սարքերը: Օպերատոր-հաստոցավարը միանգամից սպասարկում է մի քանի հաստոց, հետևաբար, ավելի շատ արտադրանք է տալիս: Օպերատորը հաստոցավարի պրոֆեսիայի ապագան է:


Հավալուսն

Այս թռչնին անմիջապես կճանաչես մեծ կտուցից և նրա տակ եղած պարկից Որսի ժամանակ հավալուսնն իր պարկը լիքը լցնում է ձկներով, իսկ հետո հանգիստ «ճաշակում» իր ավարը

Հավալուսնի մաշկի տակ կան օդով լի պարկեր, դրա համար էլ նա չի կարողանում սուզվել Միայն գորշ հավալուսնին է հաջողվում ընկղմվել ջրի մեջ՝ սրընթաց ցած թռչելով բավականին մեծ բարձրությունից Ահա թե ինչու հավալուսնները որս են անում ծանծաղ տեղերում Գետում որս անելիս նրանք բաժանվում են երկու խմբի, պատնեշում են գետը և լայնակի շարքով շարժվում միմյանց ընդառաջ՝ ձկներին քշելով որևէ ծանծաղուտ Երբ որս են անում ծովում կամ լճում, նրանք շրջան են կազմում և ձկներին քշում են դեպի շրջանի կենտրոնը Կամ էլ կիսաշրջան կազմելով՝