Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սագ

Սագերը ջրլող թռչուններ են: Նրանք ունեն երկար պարանոց և կարմիր կամ նարնջագույն կարճ ոտքեր: Քայլում են փքված տեսքով, շորորալով: Ամեն մի ոտքի առջևի երեք մատները միացած են լողաթաղանթով: Սագերը գերազանց լողորդներ են, բայց շատ հազվադեպ են սուզվում և ջրի տակ էլ երկար չեն մնում: Ունեն զանգվածեղ, հաստ կտուց: Սնվում են խոտաբույսերով, տերևներով, պտուղներով ու սերմերով:

Կան ընտանի և վայրի սագեր: Մարդը սագերին ընտելացրել է անհիշելի ժամանակներից: Հնում սագերի վարքագծով կանխորոշում էին եղանակը. եթե սագը սուզվում է, ուրումն անձրև է գալու, եթե կանգնում է մեկ ոտքին հենված կամ գլուխը թաքցնում է թևի տակ, ուրեմն սասստիկ ցրտելու է:

Հին ձեռագիր շատ մատյաններ գրվել են սագի փետուրով: Նրանով են գրել նաև Լոմոնոսովը, Պուշկինը, Գոգոլը, Աբովյանը, ուրիշ գրողներ:

Ընտանի սագերն ավելի հաճախ լինում են սպիտակ: Կան նաև սպիտակ փորով մոխրագույն սագեր, որոնց քթարմատին ելունդ կա: Ուկրաինայում հանդիպում են մուգ մոխրագույն կրծքով և սպիտակ փորով սագեր:

Սովետական Միության տարածքում ապրում են 8 տեսակ վայրի սագեր՝ մոխրագույն, թխամոխրագույն, սպիտակաճակատ, ծվվան, բարակակտուց, լեռնային սպիտակավիզ և սպիտակ: Սրանք բոլորն էլ գարնան ու ձմռան բանբերներ են: Ահա երկնքում դեպի հյուսիս է ձգվել սագերի անկյունաշար երամը. նշանակում է գարունն արդեն մոտ է: Իսկ երբ նրանք դեպի հարավ են թռչում, ուրեմն հեռու չէ ձմեռը:

Վայրի սագերն ապրում են զույգերով: Բավական է, որ նրանք հողի մեջ մի փոքրիկ փոս գտնեն, տաքության համար ներսից պատեն մամուռով, խոտով կամ էգ սագի կրծքից պոկոտված փետուրներով, և բույնն արդեն պատրաստ է: Որոշ լճերի շրջակայքում սագերը բույն են սարքում ճիմաթմբերին: Քանի դեռ էգ սագը թուխս է նստած լինում և ունենում 5-8 ճուտ, արու սագը մնում է նրա կողքին ու իր սերունդը պաշտպանում թշնամիներից:

Սովետական Միության տարածքում վայրի սագերի հարազատ վայրերն են տունդրան, տայգայի անտառային, լեռնային ու տափաստանյին լճերը: Մեր երկրի սահմաններում նրանք ձմեռում են Կասպից և Սև ծովերի ափերին:

Դեռևս հնագույն ժամանակներից Հայաստանի տարածքում տարածված է եղել մախրագույն սագը: Այժմ մեր հանրապետությունում, Արարատյան դաշտի շամբուտներում ու եղեգնուտներում, բնակվում են մոխրագույն և սպիտակաճակատ սագեր: Մոխրագույն սագերը հենց այստեղ էլ բնադրում ու ձմեռում են, իսկ սպիտակաճակատ սագերը չվում են տաք երկրներ:

Սահակյան Սիմակ Մկրտչի

(1879—1961)

Երևանում ամենքն էին ճանաչում հաղթ հասակով, ճերմակ, թավ բեղ-մորուքով, բարի հայացքով նայող այդ մարդուն: Ուսուցչի իսկական տիպար էր նա, մանուկների ճշմարիտ բարեկամն ու խորհրդատուն, որ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր: Ամենքը նրան պարզապես «ընկեր Սիմակ» էին կոչում, թեպետ ըստ ծննդավայրի՝ Լոռու Ագարակ գյուղի ծխամատյանի, նրա անունն էր Սենեքերիմ Մկրտչի Տեր–Սահակյան:

Շուլավերի (այժմ՝ Շահումյան, Վրացական ՍՍՀ–ում) ծխական դպրոցում նախ