կան այծքաղներ, չախկալներ, շերտավոր բորենիներ, տափաստանային վիշապօձեր, ճագարամկներ:
Հնուց ի վեր Սիրիայում մշակում են ցորեն, գարի, բամբակ, ծխախոտ, մրգեր: Լեռներում զբաղվում են նաև անասնապահությամբ: Երկրի ընդերքից արդյունահանում են նավթ, ծծումբ, ֆոսֆատներ, քարաղ և այլ օգտակար հանածոներ:
Մեղմ ու տաք կլիման, աշխարհագրական հարմար դիրքը խոր անցյալից նպաստել են այս երկրի զարգացմանը: Քանի դեռ չէր հայտնագործվել դեպի Հնդկաստան տանող ծովային ուղին, Սիրիայով էին անցնում Եվրոպայի և Ասիայի միջև ընկած առևտրական կարավանային ճանապարհները: Սիրիացի արհեստագործներն անհիշելի ժամանակներից ստեղծել են ապակի, ճենապակե և հախճապակե հիասքանչ իրեր: Ողջ աշխարհում իր ամրությամբ հռչակված է դամասկոսյան նշանավոր պողպատը:
Սիրիայի հարստությունները հնուց հրապուրել են օտարերկրյա նվաճողներին, եգիպտական փարավոններին, ասորական, բաբելոնյան, պարսից թագավորներին, հույն զորավարներին, հռոմեական կայսրերին, եվրոպական ասպետներին:
Մեր թվականության 7-րդ դարում Արաբական թերակղզուց Սիրիա ներխուժեցին արաբները: Նրանք իրենց հետ բերեցին արաբական մշակութային ու մահմեդական կրոնը: Երկրի բնակիչներն սկսեցին խոսել արաբերեն: