Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկնեն տաք ու խոնավ տեղ, կենդանանում են, սկսում արագ բազմանալ, շնչում են՝ անջատելով ածխաթթվական գազ։ Խմորասնկերի այդ հատկությունը մարդիկ օգտագործում են հաց և այլ մթերքներ պատրաստելիս։

Սնունդ

Երեկ, այսօր և վաղը, ձեր ողջ կյանքում, սնվել եք ու շարունակելու եք սնվել։ Սնունդը շատ բազմազան է։ Այն մեզ պետք է ապահովի բավարար քանակի սպիտակուցներով և ճարպերով, ածխաջրերով և հանքային նյութերով, զանազան վիտամիններով ու այլ ջրով։

Սպիտակուցը ձեզ շատ ծանոթ է սովորական հավի ձվից։ Բայց պանիրն ու կաթնաշոռն նույնպես գրեթե զուտ սպիտակուցներ են։ Շատ սպիտակուց են պարունակում միսն ու ձուկը։ Վերցրեք հում խմորի մի գնդիկ և լվացեք ջրով։ Ձեր ձեռքին կմնա ռետինի նման կպչուն մի փոքրիկ գուղձ։ Դա հացի սպիտակուցն է։ Գիտնականները սպիտակուցն անվանել են պրոտեին, որը հունարեն բառ է և նշանակում է «առաջին տեղն զբաղեցնող»։ Եվ, իրոք, առանց սպիտակուցների հնարավոր չէ ապրել։ Նրանցով են կառուցված մարմնի բոլոր բջիջները։

Իսկ ճարպե՞րը։ Սրանք ևս տարբեր են լինում՝ կարագ, խոզի ճարպ, տավարի ճարպ։ Կան նաև հեղուկ, բուսական ճարպեր՝ ձեթեր՝ ձիթապտղի, բամբակի, արևածաղկի, նշի։

Սննդի երրորդ բաղկացուցիչ մասը ածխաջրերն են։ Ածխաջրեր են ձեզ լավ ծանոթ օսլան և շաքարը։ Շատ ածխաջրեր կան շիլաների, հացի, կարտոֆիլի, մրգի, հատապտուղների, բանջարեղենի մեջ։ Օրգանիզմում ճեղքվելով՝ ճարպերն ու ածխաջրերը փոխակերպվում են ածխաթթվի ու ջրի։ Այդ ընթացքում անջատվում է մեր օրգանների ու մկանների աշխատանքի համար անհրաժեշտ էներգիա։ Եվ որքան շատ են աշխատում օրգաններն ու մկանները, այնքան շատ ճարպեր և հատկապես, ածխաջրեր են մեզ անհրաժեշտ։

Հանքային նյութեր կան մարմնի բոլոր օրգաններում, հյուսվածքներում և հեղուկներում։ Մարմնի ոչ մի օրգան ու բջիջ չեն կարող գոյություն ունենալ առանց նատրիումի, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի և այլ հանքայի նյութերի։ Սովորաբար դրանք մտնում են աղերի բաղադրության մեջ, օրինակ, նատրիումն ու ջուրը մտնում են կերակրի աղի, բացի այդ, նաև սպիտակուցների և ուրիշ բարդ միացությունների բաղադրության մեջ։

Վիտամիններ պարունակում են բանջարեղենի, մրգերի, կաթի, մսի և այլ մթերքների մեջ: Նրանք ապահովում են օրգանիզմի բջիջների բնականոն աշխատանքը։

Օրինակ մեզ անհրաժեշտ է երկու լիտրից ոչ պակաս ջուր. չէ՞ որ մեր օրգանիզմի մոտ 2/3 մասը կազմում է ջուրը։ Եվ եթե նրա պաշարը չլրացվի, ապա 3—4 օրից հետո մարդը կմահանա։

Մեկ օրվա համար մարդուն անհրաժեշտ են 100 գ․ սպիտակուց, 85 գ․ ճարպ, 400 գ․ ածխաջրեր։ Եթե սնունդը բազմազան լինի, ապա դուք ապահովված կլինեք բոլոր հանքային նյութերով ու վիտամիններով։

Սոմալի

(Սոմալիի Դեմոկրատական Հանրապետություն, ՍԴՀ)

Աֆրիկայում, հասարակածից հյուսիս այնտեղ, ուր վիթխարի կենդանու զարմանահրաշ եղջյուրի պես կեռվել է Սոմալի թերակղզին, գտնվում է Սոմալիի Դեմոկրատական Հանրապետությունը։

Սոմալին բավական մեծ տարածք ունեցող պետություն է, բայց բնակչությունն այնքան էլ շատ չէ․ այնտեղ ապրում է շուրջ 5․5 մլն․ մարդ։ Բնակչության զգալի մասը դեռ շարունակում է վաչկատուն ու կիսավաչկատուն կյանք վարել՝ զբաղվել ուղտեր, խոշոր եղջերավոր անասուններ, այծեր ու ոչխարներ պահելով։ Երկրի՝ կիսաանապատային չորային գոտում ընկած շրջանների մեծ մասում երկրագործությամբ զբաղվելը շատ դժվար է։ Այստեղ կայուն բերք ստանալու համար արհեստական ոռոգում է անհրաժեշտ։ Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ոռոգման ցանց ստեղծելու նպատակով, որի շնորհիվ երևան կգան երկրագործության նոր շրջաններ։ Երկրի բնական պաշարները դեռևս քիչ են ուսումնասիրված, այնուհանդերձ կարծիք կա, որ նրա ընդերքը հարուստ է հազվագյուտ հողային տարրերով, երկաթով և ուրիշ հանածոներով։

Սոմալիի հարավում, ծովափին մոտ ուր հաճախակի են մուսսոնային անձրևները