Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովետական բանակ

Մեր բանակն այսպես սկսեց անվանվել Հայրենական մեծ պատերազմից հետո: Մինչ այդ այն կոչվում էր Բանվորագյուղացիական կարմիր բանակ:

Իրականացնելով Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը և իր ձեռքը վերցնելով իշխանությունը՝ մեր ժողովուրդը 1914—1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի մասնակից բոլոր երկրների կառավարություններին առաջարկեց դադարեցնել ռազմական գործողությունները և հաշտություն կնքել: Սակայն արտասահմանյան պետությունների կապիտալիստները երկյուղում էին, որ իրենց երկրների բանվորները կհետևեն Ռուսաստանի բանվորների օրինակին և կտապալեն տերերին: Սպիտակգվարդիականներին օգնելու և սովետական իշխանությունը տապալելու համար նրանք իրենց զորքերը հանեցին երիտասարդ սովետական հանրապետության դեմ:

Վ. Ի. Լենինը կռահեց թշնամիների մտադրությունը: Նա կոչ արեց՝ որքան հնարավոր է արագ ստեղծել ուժեղ ու քաջարի բանվորագյուղացիական բանակ, որպեսզի այն կարողանա պաշտպանել հեղափոխության նվաճումները:

1918 թ. հունվարի 15(28)–ին սովետական հանրապետության կառավարությունը՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդը, որոշում ընդունեց Բանվորագյուղացիական կարմիր բանակ, իսկ հունվարի 29–ին (փետրվարի 11–ին)` Բանվորագյուղացիական կարմիր նավատորմ ստեղծելու մասին:

Կարճ ժամանակամիջոցում մեր երկրում ստեղծվեցին և ռազմաճակատ ուղարկվեցին առաջին գնդերը: Վ. Ի. Լենինի հաստատած և կարմիրբանակայիններին տրվող ծառայողական գրքույկում այսպիսի պատվիրան կար. «Ով ես դու, ընկե՞ր»: Եթե քեզ հարցնեն, պատասխանի՛ր. «Ես ողջ աշխարհի բոլոր աշխատավորների ու չքավորների պաշտպանն եմ»: — «Ինչի՞ համար ես կռվում», եթե հարցնեն, պատասխանի՛ր. «Ճշմարտության համար: Որպեսզի և՛ հողը, և՛ ֆաբրիկաները, և՛ գետերը, և՛ անտառները, ողջ հարստությունը պատկանեն աշխատավոր ժողովրդին»: — «Իսկ ինչպե՞ս ես կռվում թշնամու դեմ»: — «Անողոք, մինչև ջախջախեմ»: Կարմիրբանակայինները պատվով էին կատարում լենինյան պատվիրանը, որովհետև նրանք դարձել էին հեղափոխության զինվորներ, մեր երկրի բոլոր աշխատավորների պաշտպանները: 1918 թ. փետրվարի 22–ին գերմանական զորքերի՝ հարձակման անցնելու կապակցությամբ. Սովետական կառավարությունը ժողովրդին դիմեց Վ. Ի. Լենինի գրած «սոցիալիստական հայրենիքը վտանգի մեջ է» կոչ–դեկրետով: Ի նշանավորումն հեղափոխական ուժերի՝ սոցիալիստական հայրենիքի պաշտպանության համար հայտարարված համընդհանուր զորահավաքի, ինչպես նաև զավթիչների կարմիր բանակի ջոկատների ցույց տված քաջարի դիմադրության՝ մեր երկրում ամեն տարվա փետրվարի 23–ը նշվում է որպես համաժողովրդական տոն, որպես սովետական բանակի և ռազմածովային նավատորմի օր:

Իմպերիալիստների և սպիտակգվարդիականների դեմ մղված քաղաքացիական պատերազմը տևեց ավելի քան երեք տարի: Թշնամիները ունեին տանկերով ու ինքնաթիռներով զինված ընտրովի բանակներ, իսկ կարմիր բանակում հրացանների, թնդանոթների փամփուշտների, արկերի, կոշիկի ու պարենի պակաս էր զգացվում: Եվ, այնուամենայնիվ, կարմիր բանակը ոչ միայն ետ մղեց թշնամու բոլոր հարձակումները, այլ ջախջախեց սպիտակգվարդիականների բանակներն ու տասնչորս կապիտալիստական պետությունների զավթիչ զորքերը: Եվ ողջ աշխարհը համոզվեց, որ, ինչպես ասվում էր այն ժամանակների հանրահայտ երգում, «տայգայից մինչև բրիտանական ծովեր կարմիր բանակն է ամենից զորեղ»:

Այն ժամանակ շատերը դա հրաշք էին համարում: Իրականում ոչ մի հրաշք էլ չկար: Մեր բանակը ամենաարդարացի պատերազմն էր մղում: Հայրենիքի պաշտպանների շարքերում ողջ ժողովուրդն էր կանգնած, իսկ բանական ու երկիրը ղեկավարում էր կոմունիստական կուսակցությունը:

Ստեղծման առաջին իսկ օրից կարմիր բանակը դարձավ խաղաղության, ժողովուրդների եղբայրության ու բարեկամության բանակ: Նրա շարքերում համատեղ քաջաբար մարտնչում էին ռուսներ, ուկրաինացիներ, բելոռուսներ, հայեր, վրացիներ, ղազախներ, բաշկիրներ, մեր երկրի բոլոր ժողովուրդների ազգությունների ներկայացուցիչները: Նրա խիզախ հրամանատարների թվում էին ռուսներ Միխայիլ