Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորում հայկական երգեր ու պարեր...

Սովետական Հայաստանը, հիրավի, սփյուռքահայության միակ իրական հայրենիքն է ու զորության պայմանը: Դրա պերճախոս վկայությունը դեռևս 1920-ական թվականներից սկսած զանգվածային կամ մասնակի հայրենադարձություն է: Առ այսօր օտար ափերից հայրենիք են ներգաղթել շուրջ 250 հզ. սփյուռքահայեր և լծվել նրա տնտեսական ու մշակութային զարգացման գործին:

Սփյուռքահայերն իրենց հերթին իրենց նպաստն են բերել մայր հայրենիքի վերելքին: Նրանց մասնակցությամբ են կառուցվել Սովետական Հայաստանի այն բնակավայրերը, քաղաքների թաղամասերը, որոնք կրում են Արևմտյան Հայաստանում մնացած հայրենի բնակավայրերի անունները` Նոր Խարբերդ, Բալահովիտ, Տարոնիկ, Նոր Երզնկա... Հայրենիքի հանդեպ սփյուռքահայության անհուն նվիրվածությունը դրսևորվեց հատկապես Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Նրանք մարտնչում էին դաշնակից բանակներում, դեղորայք ու պարեն էին ուղարկում սովետական մարտիկներին: Սփյուռքահայերի հանգանակությամբ Սովետական Միությունում ստեղծված «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը մասնակցեց ֆաշիստական հորդաների ջախջախմանը: Նրանք միջոցներ էին հավաքում նաև տանկային երկրորդ` «Հովհաննես Բաղրամյան» շարասյան համար: Գերմանական զավթիչների նվաճած երկրներում տեղի հայերը ակտիվորեն մասնակցում էին նրանց դեմ մղվող դիմադրության շարժմանը: Ֆրանսիայում այդ շարժման ճանաչված գործիչներից դարձավ Մ. Մանուշյանը:

Սփյուռքահայերը տվել են համաշխարհային հռչակ վայելող գիտնականներ, գրողներ, երաժիշտներ, երգիչներ և բազմաթիվ այլ բնագավառների նշանավոր գործիչներ:

Համայն հայության մայր հայրենիքի ծաղկուն ու բարգավաճ Սովետական Հայաստանի գոյությունը, իր ազգային դիմագիծը պահպանելու համար մարտնչող հայկական սփյուռքը վառ ապացույցն են այն բանի, որ զուր են անցել թուրք ցեղասպանների` հայերին բնաջնջելու ճիգերը: Շինարար հայ ժողովուրդը կա և կլինի, որովհետև նա, ինչպես բանաստեղծ Ս. Կապուտիկյանն է ասել.

Խաղաությո՛ւն է երազել անսուտ
Աշխարհին, իրեն և ամենեցո՛ւն: