դերում էլ լիներ: Դերասանական արվեստի մեծ հաղթանակ էր նրա Եգոր Բուլըչովը` Մ. Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» դրամայի բեմադրության մեջ: Հուզական մեծ ուժով էր արտիստն անձնավորում վաճառական Բուլըչովի կերպարը, զորեղ մի բնավորություն, որ կյանքի վերջում հասկանում է, թե ինչ սխալ կյանքով է ապրել ինքը` շրջապատված լինելով իրենից միայն շահ ակնկալող մարդկանցով:
Վաղարշյանի ճկուն տաղանդին մատչելի էին նաև կատակերգական դերերը: Դրանցից էր Սուրենը` Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի գործող անձերից մեկը: Մեծահարուստ Անդրեաս Էլիզբարյանի որդին է սա, թեթևաբարո, բայց սրամիտ և չի քաշվում ճշմարտությունն ասել բոլորի երեսին: Այս դերը Վաղարշյանը խաղում էր հումորի շռայլ ու նուրբ զգացումով:
Վաղարշյանի նշանավոր դերակատարումներից էր Գագիկ թագավորը` Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի» պատմական դրամայի բեմադրության մեջ: Զարմանալի էր, թե ինչպիսի ճկունությամբ, պատանորեն թեթև շարժուձևով էր դերասանն անձնավորում Անիի պատանի թագավորին իր վճռականությամբ, հայրենասիրական ազնիվ վարքագծով:
Մեծ տպավորություն էր թողնում Վաղարշյանը Դանիայի արքայազն Համլետի դերում (Վ. Շեքսպիրի համանուն դրամայում), խոհուն` իր անփարատելի վշտով, տրտմալի զարմանքով, թե ինչպես մարդ կարող է «և' ժպտալ, և' սրիկա լինել», աշխարհից չարիքը վերացնելու բուռն ձգտումով, իր ազնվաշուք կերպարանքով:
Վաղարշյանը խաղացել է ուրիշ մեծ ու նշանավոր դերեր, որոնցից լավագույններն են Արբենինի և Պրոտասովի դերակատարումները Մ. Յու. Լերմոնտովի «Դիմակահանդես» և Լ. Ն. Տոլստոյի «Կենդանի դիակ» պիեսներում:
Վ. Վաղարշյանը նկարահանվել է նաև հայկական մի շարք կինոնկարներում:
Իբրև առաջնակարգ դերասան, բեմական և հասարակական գործիչ, Վաղարշյանը մեծ համբավի հասավ: Երբ նա քայլում էր փողոցով, երևանցիները հիացմունքով էին նայում ամառային վերարկուն թևին գցած, ճերմակահեր, սիգաճեմ ու հրապուրիչ մարդուն:
Հայրենիքը լիուլի վարձատրեց մեծատաղանդ արտիստին` պարգևատրելով նրան շքանշաններով ու շնորհելով կոչումներ, որոնցից բարձրագույնը ՍՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումն էր:
Վասիլի Տյորկին
Կան գրքեր, որոնց հերոսներին ոչ թե գրողներն են հորինել, այլ ժողովուրդն ինքը: Նախքան գրքի հերոս դառնալը՝ իրենց մասին հյուսված արտասովոր պատմությունների հետ նրանք երկար շրջում են աշխարհում: Իսկ հետո, պատահում է, նման մի հերոս դուր է գալիս որևէ գրողի և ասես վերստին ծնունդ առնում այդ գրողի պոեմի կամ վեպի էջերում:
Այսպիսի է նաև բոլորին հայտնի Վասիլի Տյորկինի ճակատագիրը: Ամենուրեք, ուր մի ազատ րոպե էր պատահում, ճանապարհին լիներ, թե բլինդաժում, դադարի ժամանակ, թե հոսպիտալում, մարտիկներն իրար պատմում էին քաջարի զինվորների արկածների մասին: Իսկ բանաստեղծ Ալեքսանդր Տրիֆոնովիչ Տվարդովսկին (1910-1971) այդ զինվորի մասին մի ամբողջ պոեմ է գրել, որը կոչվում է «Վասիլի Տյորկին»:
Մարտիկի, «Հրի, ջրի, տանկի մասին