Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են մանրագույն, թեթև բյուրեղիկներ: Դրանց մակերևույթին նստում ու սառչում են ջրային գոլորշու նոր մասնիկներ: Եվ վերջապես աճում են սառույցի բարդ բյուրեղներ, որոնք մենք անվանում ենք ձյան փաթիլներ:

Բայց ջրային գոլորշին կարող է սառչել նաև անմիջականորեն Երկրի մակերևույթին մոտ: Ամռանը շոգ ցերեկից հետո երեկոյան օդում կուտակվում է մեծ քանակությամբ ջրային գոլորշի: Մարգագետինների ու ճահիճների, գետերի ու լճերի վրա, ուր հավաքում է ավելի սառն օդը, մառախուղ է իջնում: Այն ցածրորեն կախվում է Երկրի մակերևույթին և ցողի կաթիլների տեսքով նստում տերևներին ու խոտերին:

Ձմռանը, ուժեղ սառնամանիքի ժամանակ, ծառերի բներն ու ճյուղերը, տների պատերը շատ սառն են լինում: Երբ քամին ավելի խոնավ ու տաք օդ է բերում, ծառերը, պատերը, հաղորդալարերը ծածկվում են եղյամով: Եղյամը նույնպես կազմված է ձյան փաթիլներից, որոնք, սակայն, առաջանում են ոչ թե օդում, այլ առարկաների մակերևույթներին:

Տեռարիում

Տեռարիումը երկկենցաղների և սողունների համար նախատեսված կացարան է: Նրա անունն առաջացել է լատիներեն «տեռուս»` «հող» բառից:

Եթե դուք կենդանական այգում եղել եք, ապա, անշուշտ, տեսել եք տեռարիում, ուր օձեր կամ կրիաներ են ապրում: Այնտեղ և՛ հող կա, և՛ փոքրիկ ջրավազան, և՛ քարեր ու, նույնիսկ, բույսեր: Տեռարիումներում ձգտում են ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց կենդանիները հարմարվել են բնության մեջ:

Այն կենդանիները, որոնց զետեղում են տեռարիումներում, մարմնի կայուն ջերմաստիճան չունեն, իսկ շատերն առհասարակ ի վիճակի են ապրելու միայն տաք միջավայրում: Ուստի տեռարիումում միշտ պահպանում են անհրաժեշտ ջերմաստիճան:

Լինում են շատ մեծ տեռարիումներ, որտեղ ապրում են, օրինակ, վիշապօձեր կամ վարաններ (հսկա մողեսներ): Փոքր տեռարիումները հարմար են գորտերի կամ մողեսների համար:

Դուք ինքներդ էլ կարող եք փոքր տեռարիում սարքել: Այդ նպատակով կարելի