Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է տալիս նաև տիեզերանավի սարքերի աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան:

Տիեզերագնացների շնչառության համար անհրաժեշտ օդը օդափոխիչները մղում են քիմիական այնպիսի նյութերի միջով, որոնք կլանում են վնասակար խառնուրդներն ու այն հարստացնում թթվածնով: Տիեզերագնացներն իրենց հետ վերցնում են նաև սովորական խմելու ջուր, որը պահվում է պոլիէթիլենային թաղանթից պատրաստված ամուր տարողություններում: Որպեսզի ջուրը չփչանա և տհաճ համ չստանա, նրան ավելացնում են հատուկ նյութեր:

Տիեզերանավում մթերքները պահվում են ատամնամածուկի պարկուճների նմանվող, միայն թե ավելի մեծ չափերի հատուկ պարկուճներով, որտեղից ուտելիքը դուրս են մղում սեղմումով: Անկշռության պայմաններում հացի փշրանքը, հեղուկի կաթիլները կարող են տհաճություններ պատճառել տիեզերագնացներին: Տիեզերական տանը կա սառնարան և էլեկտրասալիկ:

Այդ գլխավոր հատվածամասում տեղավորված էլ տիեզերագնացները մեկնարկում են Երկրից: Այստեղից են նրանք կառավարում տիեզերանավը, ռադիոյով կապ հաստատում Երկրի հետ: Տիեզերագնացների խցիկը տիեզերանավի այն միակ մասն է, որը վերադառնում է Երկիր, հասցնում իրենց աշխատանքի արդյունքները՝ կինո- և լուսանկարչական ժապավեններ, գրառումներով լի նավամատյանները, փորձակենդանիներին: Այս ամենն ուսումնասիրվում է Երկրի վրա:

Սովետական «Սոյուզ» տիեզերանավում կա նաև բնակելի մեկ այլ հատվածամաս, որը կոչվում է ուղեծրային: Տիեզերագնացներն իրենց խցիկից այդտեղ են անցնում դռնակ–սողանցքով: Այդտեղ նրանք հանգստանում ու գիտական փորձեր են կատարում: Ուղեծրային հատվածամասից տիեզերագնացները կարող են դուրս գալ բաց տիեզերք:

Այդ հատվածամասը Երկիր չի վերադառնում:

Տիեզերանավում կա մի հատվածամաս ևս, որտեղ տեղակայվում է հիմնական սարքավորումը, տեղադրվում են շարժիչները, պահվում վառելիքի պաշարը:

Ռադիո- և հեռուստատեսային համակարգերը կապ են հաստատում տիեզերանավի և թռիչքի կառավարման կենտրոնի միջև: Տիեզերագնացներին ավելորդ աշխատանքից ազատելու համար երբեմն տիեզերանավը կառավարում են Երկրից, ռադիոյով: Սակայն տիեզերագնացներն անպայման վերահսկում են այդ կառավարման ընթացքը և անհրաժեշտության դեպքում իրենք են ստանձնում տիեզերանավի կառավարումը:

Բոլոր առաջադրանքները կատարելուց հետո տիեզերագնացները պատրաստվում են վերադառնալ Երկիր: Իր սրընթաց թռիչքը կասեցնելու և դեպի Երկիր վայրէջքն սկսելու համար տիեզերանավը, արգելակող շարժիչի օգնությամբ, շրջվում է դեպի առաջ: Արգելակման շարժիչի անջատվելուց հետո տիեզերանավը բաժանվում է մասերի: Արդեն ավելորդ դարձած ուղեծրային և սարքերի հատվածամասերն այրվում են մթնոլորտում, իսկ տիեզերագնացների հերմետիկ խցիկը շարունակում է վայրէջքը դեպի Երկիր: Երկրից մի քանի կիլոմետր բարձրության վրա բացվում են պարաշյուտները, իսկ թռիչքի վերջում փափուկ վայրէջքի շարժիչները մեղմում են Երկրի մակերևույթին տիեզերանավի դիպչելու ժամանակ առաջացող հարվածի ուժը:

Ապագայի տիեզերանավերը բաղկացած կլինեն նույն տարրերից ու սարքերից, ինչ որ ժամանակակից տիեզերանավերը: Սակայն դրանցում կստեղծվի արհեստական կշիռ, որպեսզի հեռավոր թռիչքների ժամանակ տիեզերագնացները չտառապեն անկշռությունից: Տիեզերական մեծ «բանջարանոցները» տիեզերագնացներին կազատեն իրենց հետ սննդամթերքի վիթխարի պաշարներ վերցնելու անհրաժեշտությունից: Թռիչքի ընթացքում բույսերը կտան տիեզերագնացների շնչառության համար անհրաժեշտ թթվածինը: