Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրանցից մի քանիսի վրա կյանք կա կամ նույնիսկ բանական էակներ են բնակվում: Աստղերը միավորվում և կազմում են աստղային հսկայական համակարգեր՝ գալակտիկաներ: Բացի Արեգակից, մեր Գալակտիկայում կան ևս մոտ 100 միլիարդ աստղեր: Ամենահեռավոր գալակտիկաներից լույսի ճառագայթը Երկիր է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում: Բայց դա Տիեզերքի սահմանը չէ: Երբ կառուցվեն ավելի հզոր աստղադիտակներ, գիտնականները կհայտնագործեն նաև ավելի հեռավոր երկնային մարմիններ. չէ՞ որ Տիեզերքն անսահման է: Բոլոր երկնային մարմիններն անցնում են զարգացման բարդ ճանապարհ: Բայց ինչպես էլ նրանք փոխվեն, այն ինչից կազմված են (մատերիան), չի ոչնչանա: Տիեզերքը ոչ միայն անսահման է, այլև հավերժ:

Տիկնիկային թատրոն

Ե՞րբ, ո՞ր երկրում է ծնունդ առել տիկնիկային թատրոնը: Ո՞ւմ ձեռքերն են ստեղծել աշխարհում առաջին տիկնիկը: Դա ոչ ոք չգիտե և չի էլ կարող իմանալ, որովհետև տիկնիկներ ունեցել են աշխարհի բոլոր ժողովուրդները թե՛ հազար, թե՛ տաս հազար տարի առաջ: Տիկնիկ պատրաստում էին կավից, փայտից, ծղոտից կամ լաթից: Եվ երեխաները խաղում էին դրանցով. քնեցնում էին, բուժում, որսում կավե կամ փայտե եղջերուներ, փղեր, գետաձիներ: Բայց դա հո նույնպես թատրոն է, տիկնիկային թատրոն, քանի որ նրա դերասանները տիկնիկներ են: Հին ժամանակներում մեծահասակներն աստվածներին պատկերող ֆիգուրներ էին պատրաստում: Բոլոր ժողովուրդներն էլ շատ աստվածներ ունեին՝ արևի, ջրի, պատերազմի, որսորդության, նույնիսկ` աքլորականչի: Այս աստվածներին պատրաստում էին փայտից, ծեփում կավից կամ էլ կաշվից ստվերային (հարթ) ֆիգուրներ էին ձևում և ճրագի լույսի տակ ցուցադրում ձգված պաստառի վրա: Մինչև օրս էլ շատ երկրներում, հատկապես` Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Հարավ-Արևելյան