Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տրամադրությամբ է համակել ձեզ, և երբ վարագույրը սահուն բացվում է, դուք իսկույն հայտնվում եք մի այլ աշխարհում:

Հրաշալի դեկորացիան օգնում է պատկերացնելու այն միջավայրը, որտեղ ծավալվում են օպերայի գործողությունները, ինչպես, օրինակ, հին, բոյարական Մոսկվան «Խովանշչինա» օպերայում կամ ծովի հեքիաթային հատակը Ն. Ա. Ռիմսկի—Կորսակովի «Սադկո» օպերայում, կամ, ասենք, բարձր, կանաչ սարերը Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում: Դեկորներն ստեղծում են նկարիչները: Նրանք մասնակցում են նաև բոլոր դերասանների զգեստների ստեղծման աշխատանքներին:

Օպերային դերասանները դերերը խաղում են այնպես, ինչպես թատերական ներկայացումների դերասանները: Միայն թե օպերայի հերոսներն իրենց մտքերն ու զգացմունքներն արտահայտում են արիաներով, երգերով, իսկ միմյանց հետ բացատրվում են զուգերգերով կամ ռեչիտատիվներով` կարծես խոսելով երաժշտության ուղեկցությամբ: Համատեղ երգող մի քանի գործող անձինք կազմում են անսամբլ: Կարևոր դեր է խաղում նաև օպերային երգչախումբը:

Օպերային արվեստը ծնունդ է առել 16–րդ և 17–րդ դարերի սահմանագծին, Վերածննդի դարաշրջանում: Օպերայի ստեղծողներն են Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի բանաստեղծները, երաժիշտները նկարիչները: Օպերայի մեջ նրանք միահյուսեցին արվեստի տարբեր տեսակներ` բանաստեղծությունն ու երաժշտությունը, թատերգությունն ու գեղանկարչությունը: Այդ ժամանակից օպերան արագորեն տարածվեց Եվրոպայով մեկ: Շատ երկրներում հանդես եկան տեղական օպերային կոմպոզիտորներ ու երաժշտական թատրոններ:

19–րդ դարում օպերային արվեստը հասավ իր ամենաբարձր ծաղկմանը: Այդ ժամանակ իրենց անմահ օպերաներն ստեղծեցին այնպիսի հռչակավոր կոմպոզիտորներ, ինչպիսիք են Ջ. Ռոսսինին, Ջ. Վերդին, Ջ. Պուչչինին` Իտալիայում, Ռ. Վագները` Գերմանիայում, Ժ. Բիզեն` Ֆրանսիայում:

Հրաշալի օպերաներ են ստեղծել նաև ռուս և սովետական կոմպոզիտորները: Եվ դուք, իհարկե, լավ գիտեք նրանց անունները՝