ու նրա այլ աշխարհների գոյության մասին պատկերացումը, երաժշտության մեջ՝ լարի կամ ֆլեյտայի երկարության ու նրա արձակած հնչյունների միջև եղած առնչությունը: Դժվար է նույնիսկ պատկերացնելը, որ այդ բոլոր հայտնագործությունները կատարվել են երկուսուկես հազար տարի առաջ:
Զարմանալի չէ, որ Պյութագորասի մահից հետո նրա մասին բազմաթիվ պատմություններ հորինվեց: Հավատացնում էին, օրինակ, որ դեռ երիտասարդ տարիքում նա գնացել է Եգիպտոս, երկար ժամանակ ապրել այնտեղ և աշակերտել եգիպտական քրմերին: Այնուհետև ուղևորվել է Հնդկաստան՝ դեպի Գանգեսի ափերը, ուր զրույցներ է վարել կրոնի սպասավորների հետ: Պատմում էին նաև, որ իր հռչակվոր թեորեմն ապացուցելուց հետո, ի նշան երախտագիտության, նա մուսաներին հարյուր ցուլ է զոհաբերել: Ամենից հավանական է, որ իրականում այս ամենը չի եղել: Իսկ Պյութագորասի ու նրա աշակերտների հայտնագործությունները եղել են, ապրում են և կապրեն հավիտյան:
Պոլիմերներ
Բլրի կատարին մի բարալիկ ծառ է աճել: Քամին նրան այս ու այն կողմ է թեքում, բայց ջարդել չի կարողանում: Նման ճկունության համար ծառերը պարտական են բնափայտի բաղադրության մեջ մտնող հատուկ նյութերի՝ պոլիմերներին (հունարեն «պոլի»՝ «բազում», «բազմաթիվ» և «մերու»՝ «մաս», «բաժին» բառերից): Բնափայտի հիմնական պոլիմերը թաղանթանյութն է:
Բնության մեջ պոլիմերներ հանդիպում են ամեն քայլափոխի: Նրանք յուրաքանչյուր միկրոօրգանիզմի, բույսի, կենդանու կարևոր մասն են: Պոլիմերները քիչ չեն նաև մարդու օրգանիզմը