Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջրասարդ

Ջրի մակերևույթին, ինչպես չմշկորդը սառույցի վրա, մի փոքրիկ միջատ է սահում: Այո՛, հենց սահում է, այլ ոչ թե լողում:

Գաղտնիքն այն է, որ այդ միջատը ոտքերին «հագած» ունի ճարպապատ մազիկներից կազմված մաշիկ-բարձիկներ: Նրա փորիկը նույնպես մազիկածածկ է և պատված մոմանման նյութով: Այդ պատճառով էլ միջատը չի թրջվում և ազատ վազում է ջրի մակերևույթով։ Միջատն առաջ է հրվում, անցնում քառորդ մետր, հրվում ու նորից առաջ սահում... Եթե ճանապարհին բույս կամ կոճղ է հանդիպում, ցատկում-անցնում է վրայով և դարձյալ առաջ շարժվում: Եվ այսպես ամբողջ օրը։

Բոլոր միջատների նման ջրասարդը ևս վեց ոտք ունի, բայց վազում է չորսով՝ միջին ու ետին ոտքերով։ Իսկ առջևի զույգը շատ ավելի կարճ է և այլ նպատակի է ծառայում։ Հենց որ մոծակ կամ ճանճ է ընկնում ջուրը, անմիջապես հայտնվում է ջրասարդը, ծայրերին սուր ճանկեր ունեցող առջևի ոտքերով բռնում ավարն ու փոքրիկ, սուր կնճիթն իսկույն խրում զոհի մարմինը։

Այս միջատների ամբողջ կյանքն անցնում է ջրի մակերևույթին։ Ջրային բույսերի տերևներին նրանք ձու են դնում, որոնցից դուրս են գալիս թրթուրները` հասուն ջրասարդերի փոքրիկ պատճենները։ «Ծնողներն» ու «երեխաներն» իրար նման են ոչ միայն արտաքինով, այլև կենսակերպով։


Ջրասուզակ

Ամեն ոք սուզվելիս թեկուզ մի քանի վայրկյանով, դառնում է ջրասուզակ։ Դեռևս 4 հզ. տարի առաջ փորձառու սուզակները կարողանում էին ծովի հատակից մարգարիտներ, մարջանի ճյուղեր, թանկարժեք խեցիներ հանել։ Դա դժվարին ու վտանգավոր գործ է։ Սուզակներից շատ քչերն են կարողանում ջրի տակ մնալ երկու րոպեից ավելի. սուզվեցիր, արագ դուրս լողա, որ օդ շնչես։

Ջրասուզակին օդ են մատակարարում ռետինե խողովակով։ Այժմ մարդը ջրի տակ կարող է աշխատել մի քանի ժամ անընդմեջ։

Չմրսելու համար ջրասուզակը հագնում է բրդե սպիտակեղեն, իսկ վրայից՝ «վերնաշապիկ»՝ ռետինե լողահագուստ, որին պտուտակներով ամրացվում է ապակե պատուհաններ ունեցող մետաղե սաղավարտը: Որպեսզի ջուրը ջռասուզակին դուռս չմղի, նրա մեջքին ու կրծքին կապում են կապարե ծանրություններ, իսկ հավասարակշռությունը չկորցնելու համար ոտքերին հագցնում են կապարե ներբաններով մետաղե կոշիկներ և ամուր պարանով իջեցնում ջրի խորքը:

Այսպիսի ծանր լողահագուստ հագած մարդը դառնում է անդյուրաշարժ: Մինչդեռ որքա՜ն մեծ է ջրում ձկան պես լող տալու ցանկությունը: Դրա համար էլ ստեղծել են այլ՝ թեթև, առանց կապարե ծանրությունների ու ներբանների լողահագուստ, որը նույնիսկ ռետինե խողովակ չունի. ջրասուզակն օդը հետն է վերցնում թիկունքին ամրացած անոթներով, թիավարում է ոտքերին հագած ռետինե լաստերով և լողում ցանկացած ուղղությամբ` խորանալով մինչև 300—500 մ:

Ջրասուզակն ամեն գործի վարպետ է. ջրի տակ հարկ է լինում դառնալ և′ էլեկտրաեռակցող, և′ փականագործ, և′ մոնտաժող, և′ շինարար, և′ պայթեցնող: Հիդրոէլեկտրակայան կառուցեն, թե ամբարտակ, շլյուզ, թե կամուրջ, ստորջրյա կաբել (մալուխ) անցկացնեն, թե խողովակաշար, ամենուր ջրասուզակներ են հարկավոր: Եվ, իհարկե, ջրասուզակն է խցանում նավի հատակին առաջացած ճեղքը, օգնում ծովի հատակից բարձրացնելու ջրասույզ եղած նավը: