նրան ամենից շատ հրապուրում էր տիրամոր կերպարը մանկան հետ։ Ռաֆայելն ստեղծեց «Տիրամայրը կանաչների մեջ», «Տիրամայրը` այգեպանուհի» ⟨«Գեղեցիկ այգեպանուհին»⟩, «Տիրամայրը կարմրակատարի հետ» նկարները։ Նրա նուրբ, դեռատի տիրամայրերը սրբեր չեն, այլ կենդանի ու հասարակ կանայք՝ փաղաքուշ ու գորովալի։ Դեռ ոչ ոք տիրամորն այդպես չէր պատկերել։ Այդ համարձակությունն ու նորությունն ապշեցնում էին Ռաֆայելի ժամանակակիցներին։
1508 թ․ Ռաֆայելը թողեց Ֆլորենցիան և հաստատվեց Հռոմում։ Հռոմի Հուլիոս Երկրորդ պապը քսանհինգամյա նկարչին հանձնարարեց որմնանկարել իր պալատի շքասրահները։ Հոգևորականությունն սպասում էր, թե երիտասարդ նկարիչը իր արվեստով կփառաբանի կաթոլիկ եկեղեցին։ Բայց Ռաֆայելն այլ կերպ վարվեց․ նա իր վրձնով փառաբանեց ոչ թե սրբերին, այլ Մարդուն` նրա հանճարը, ազատությունը, ուժն ու գեղեցկությունը։ Նրա բազմաֆիգուր որմնանկարներից մեկում պատկերված են աշխարհի մեծագույն մտածողներ Արիստոտելը ու Պլատոնը։ Հռոմում Ռաֆայելն ստեղծեց իր հռչակավոր «Սիքստինյան տիրամայրը» կտավը։ Մենք տեսնում ենք մանկանը գրկած դեռատի մորը։ Նա կանխազգում է, որ որդուն ծանր փորձություններ են սպասվում` հանուն մարդկանց երջանկության, սակայն լի է հանգստությամբ ու արիությամբ։ Այդ նկարը պատմում է մայրական մեծագույն սխրանքի մասին, դրա համար էլ մինչև այժմ ցնցում է դիտողներին։
Ռաֆայելը նաև մեծ ճարտարապետ էր։ Նա «հավերժական քաղաքը»` Հռոմը, զարդարեց պալատներով։ Այդ աշխատանքը գերմարդկային ուժ ու լարվածություն էր պահանջում, և Ռաֆայելը կորցրեց առողջությունը։ Նա մահացավ, երբ ընդամենը 37 տարեկան էր՝ մարդկությանը թողնելով իր անմահ ստեղծագործությունները, որոնցով հիանում են և դեռ կհիանան նորանոր սերունդներ: