ցույց տվեց Սովետական Միությունը: Նրա օժանդակությամբ կառուցել են արդյունաբերական ավելի քան հարյուր խոշոր ձեռնարկություններ: Այժմ Ռումինիան զարգացած արդյունաբերություն ունի: Գործարանները թողարկում են մեքենաներ ու տրակտորներ, զանազան հաստոցներ ու սարքեր, նավթ են վերամշակում, մետաղ ձուլում: Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել նաև գյուղատեսության մեջ: Ռումին գյուղացիները միավորվել են կոոպերատիվներում: Նրանք ցորենի, եգիպտացորենի, խաղողի, մրգերի, բանջարեղենների հարուստ բերք են հավաքում:
Երկրի կյանքում մեծ դեր են խաղում գետերը: Գետերով բեռներ են տեղապոխում, նրանց վրա կառուցում հիդրոէլեկտրակայաններ (ՀԷԿ): Ջրառատ Բրստրիցայի վրա կառուցված է 13 ՀԷԿ: Երկաթե դարպասներ կիրճում հիդրոէլեկտրակայանի հսկա ամբարտակը պատնեշել է Դանուբը, և նավարկությունը խանգարող սահանքները մնացել են ջրի տակ:
Դանուբի գետաբերանում տասնյակ կիլոմետրեր ձգվում են եղեգնուտներ: Եղեգները վերամշակում են ու ստանում թաղանթանյութ (ցելյուլոզ), որից պատրաստում են թուղթ, ստվարաթուղթ, արհեստական մանրաթել: Այդ վայրում բնակվում են բազմաթիվ թռչուններ` տառեղներ, սագեր, բադեր, կռունկներ, կարապներ: Աֆրիկայից այստեղ էին չվում կարմրաթևիկներ ու հավալուսաններ: Կան բազմաթիվ ու բազմատեսակ ձկներ: Այստեղ ստեղծվել է արգելանոց:
Ռումինիան աշխույժ առևտուր է անում ուրիշ երկրների հետ: Նրա գլխավոր նավահանգիստներ Կոնստանցայում և Գալացում միշտ կարելի է տեսնել զանազան երկրներից ժամանած բազմաթիվ նավեր:
Հատկապես սերտ կապեր են հաստատվել Ռումինիայի և սոցիալիստական համագործակցության մյուս երկրների միջև: ՍՍՀՄ–ից Ռումինիան ներմուծում է մեքենաներ, սարքավորում, հանքաքար, ածուխ: Մի շարք ապրանքներ էլ մեր երկիրն է ստանում Ռումինիայից: ՍՍՀՄ–ի ու Ռումինիայի միջև հաստատված բարեկամությունը և համագործակցությունը բազմաթիվ բնագավառներում զարգանում են և ամրապնդվում:
Հանրապետության մայրաքաղաք Բուխարեստն ավելի քան 500 տարեկան է: Այստեղ կան բազմաթիվ պատմական հուշարձաններ, ֆաշիստական զավթիչներից Ռումինիայի ազատագրման համար իրենց կյանքը զոհաբերած սովետական ռազմիկների պատվին կանգնեցված վեհաշուք հուշարձանը:
5—12–րդ դարերում Ռումինիայի տարածքում հաստատվել են հայերի մեծաթիվ զանգվածներ։ Դրա վկայությունն են Ռումինիայում պահված հայկական բազմաթիվ տեղանունները, երբեմն հայաշատ քաղաքներում հայկական թաղամասների և փողոցների առկայությունը։ Այնուհետև հայերի թիվն ստվարացել է Թուրքիայում կազմակերպված հայկական կոտորածներից և մասնավորապես, 1915 թ․ Մեծ եղեռնից հետո։
Դարեր շարունակ հայերը Ռումինիայի լիիրավ քաղաքացիներ են եղել, ակտիվորեն մասնակցել են տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքին, ստացել մի շարք արտոնություններ։ Նրանք մեծապես նպաստել են հատկապես առևտրի և արհեստների զարգացմանը Ռումինիայում։
Հայկական համայնքն ունեցել է իր եկեղեցիները, դպրոցները, գրչության կենտրոնները, գրադարանները, տպարանները, մշակութային կազմակերպությունները: Ռումինահայերն ակտիվորեն մասնակցել են այս կամ այն նվաճողի դեմ ռումին ժողովրդի մղած ազատագրական պայքարին, տվել անվանի զորավարներ։ Նրանք իրենց ավանդն են բերել նաև երկրում ծավալված հեղափոխական շարժումներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռումին հայրենասերների կողքին հիտլերյան զավթիչների դեմ կռվում էին բազմաթիվ հայեր։
1946—1948 թվականներին շուրջ 3 հզ. ռումինահայեր հայրենադարձվեցին Սովետական Հայաստան։ 1985 թ. տվյալներով, Ռումինիայում բնակվում էր շուրջ 6 հզ. հայ, որոնց մեջ կան անվանի գիտնականներ, նկարիչներ, գրողներ, գործիչներ։ Նրանցից է, օրինակ, Ռումինիայի և օտարերկրյա 12 ակադեմիաների անդամ Աննա Արսլանը, որը Բուխարեստի ծերաբուժական ինստիտուտի ղեկավարն է, սոցիալիստական աշխատանքի հերոս։ Զանազան բնագավառներում աչքի ընկած ուրիշ շատ ռումինահայեր արժանացել են կառավարական բարձր պարգևների, ընտրվել երկրի ղեկավար մարմիններում։ Ռումինիայի հայ գաղութը սերտ կապեր է պահպանում մայր հայրենիքի՝ Սովետական Հայաստանի հետ, մասնակցում սովետա—ռումինական բարեկամության ընկերության բազմազան ու բազմաբնույթ միջոցառումներին։