Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1919. 21 դեկտեմբեր
Ալեքսանդրապոլ

Մեծ պ. Աշխարհբեկ Լոռու-Մելիք Քալանթարյան,

Ամսի 17-ին Եսային վերադարձավ տեղս՝ Ձեր նամակով (15 դեկտեմբերի, 1919) և հրահանգներով։ Հետևյալ օրը դիմեցի պարենավորման կոմիտեի նախագահ պ. Մատինյանցին. այստեղ արդեն նախարարության պաշտոնական թուղթը ստացված էր. նախագահը խոստացավ նույն օրն իսկ ներկայացնել խնդիրը տեղիս ամերիկյան կառավարիչին1 և աշխատել, որ նույնությամբ ընդունվի: Սակայն հետևյալ օրը հայտնեց, որ ամերիկյան կառավարիչը վճռականապես մերժել է ընդհանրապես որոշված քանակեն ավելի տալ՝ իր իրավասությունից դուրս համարելով, ուստի խորհուրդ տվել էր, որ նախարարությունը դիմե Թիֆլիզի ամերիկյան կոմիտեի նախագահին և նրանից ստանա բացառիկ թույլտվություն հավելյալ քանակի համար։ Իհարկե, Դուք կանեք ինչ որ հարկն է, որ այդ թույլտվությունը շուտով ստացվի, որպեսզի քանակի նվազողության պատճառով տրտունջներ տեղի չունենան, գուցե նաև լքումներ։

Յուրաքանչյուր անձի՝ կես գր<վանքա>ի հաշվով, երեկ ստացվեց, ալյուրը՝ 9 փութ 15 գրվ<անքա> և բերվեց ինձ մոտ: Այս առավոտ կանուխ գնաց Եսային Անի—Խարկով2, որպեսզի թե տեսնի Անիի դրությունը և թե սայլ բերե ընտանիքն ու ալյուրը փոխադրելու համար, այստեղի սայլերը սաստիկ թանկ են։ Ես երեկ ալյուրը զինվորական պահեստից քաղաք բերելու համար վճարեցի 50 ռ<ուբլի>: Եթե Անիի համար վարձվիին հարյուրներ պիտի ուզեն, ուստի ավելի ձեռնտու էր գյուղից եկող սայլերով տանել։

Գասպարը մի շաբաթե ի վեր Անիից հեռանալով՝ եկել է քաղաք և գործ գտել, ես կարծում եմ, որ հարմար առիթ է Գասպարին հեռացնելու, որովհետև բացի Եսայիի և նրա մեջ եղած սուր ատելությունից, որը կարող է անախորժ հետևանքների հանգել, ատում են նաև բոլոր շրջակա գյուղացիք. նաև ես ատելով ատում եմ այն օրից ի վեր, երբ կոպեկների համար անմեղ եզդիների արյունը խմեց այդ մարդասպան գազանը։ Բայց միևնույն ժամանակ իմ կարծիքս թող չի բացատրվի որպես ընդդիմություն Ձեր որոշման, եթե անպայման ուզում եք Գասպարին այնտեղ գտնվիլը, անմիջապես կգտնեմ և կուղարկեմ: