Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձեր նամակին մեջ կհայտնեք, թե դուք կարող եք «շինությանց թեքնիք ծրագիրներ պատրաստող բյուրո մը վարել»։ Մենք Հայաստանի մեջ ունինք արդեն այդպիսի մի բյուրո՝ հռչակավոր ակադեմիկ Ալ<եկսանդր> Թամանյանի գերագույն հսկողության տակ։ Ես կհավատամ, որ առաջին առթիվ ես կհաջողիմ ձեզ այդ բյուրոյին վարիչ նշանակել տալ, եթե իհարկե դուք միասին կունենաք ձեր իրական արժեքը բնորոշող աշխատություններ, այսինքն զանազան projet-ներ և իրագործուն շենքերի plan-ներ, fasade-ներ և detail-ներ, որոնք ձեր ձեռքով սկսված և վերջացած են՝ ինչպես այն փարոսները1, որոնց շինությունը ձեզ է հանձնված։ Բացի ճարտարապետական բյուրոյի աշխատանքներե ստանալիք վարձատրությունը, ձեզ պակաս չի լինիր դրսի պարբերական աշխատանքներ ալ, որոնք բնականաբար պիտի ավելացնեն ձեր նյութական եկամուտը:

Այս մասին գրեցեք ձեր տրամադրությունը։ Ես պատրաստ եմ աշխատիլ ձեզ համար տեղ և հարմարություններ ձեռք բերելու, նախքան ձեր գալը։

Ինչ կվերաբերի զուտ հայկական ճարտարապետության մասին ձեր ունեցած բաղձանքներում, ես կկարծեմ, որ այդ ճյուղին մեջ ալ մեծ հաջողություն կարող եք ունենալ, քանի որ այժմ Հայաստանի մեջ պետական պահանջ է մեծ և կարևոր շենքեր շինել հայկական ոճով։ Այս մասին պետական բարձրագույն մարմիններու կողմանե ձեռնարկված է՝ Վիեննայից բերել տալ իմ ամբողջ ժողովածուն2, որ թողած էի 1913 թվականին Վիեննայի մեջ, հույս ունենալով, որ վերստին կգնամ Վիեննա և ամբողջ գործը կհրատարակեմ Վիեննայի համալսարանի institut3-ի հետ միասին։ Սակայն դեպքերը այնպես բերին, որ ես չի գնացի, և ձեր տեսած երկու հատոր գիրքը4 իմ աշխատություններուս շատ չնչին մասը կպարունակե իր մեջ: Երևի շատ շուտով կստանամ այդ աշխատություներս5 և կդնեմ ձեր տրամադրության տակ:

Հատկապես բարևներս հիշեք ձեր մոր, եղբայրներուն, քրոջ և փեսային, և ընդունեցեք նաև բարևներ իմ ընտանիքիս և զավակներուս կողմանե։

Մնամ միշտ հարգանոք՝
Ձեր Թ. Թորամանյան