դժբախտ անցուդարձերի խաղալիք լինելուց հետո՝ այժմ մեկզմեկ կգտնենք ողջ առողջ, թեև միմյանցմե հեռու, այնուամենայնիվ մշտական թղթակցությունը և հարաբերությունը գեթ սրտով մոտ կպահե մեզ: Ես քու նորածին մանուկ լինելդ միայն կհիշեմ, սակայն հորդ՝ պ. Հովելին դեպի ինձ ունեցած հարգանքն ու համակրությունը բնավ չեմ մոռցած և չեմ ալ մոռնալու մինչև վերջին շունչս: Ցանկանք, որ մարմնավոր աչքով ալ մեկզմեկ տեսնելու արժանի լինինք։
Իմ ծայրահեղորեն անկեղծ և անհուն ուրախությունս այն է, որ դուք հասել եք այնպիսի վիճակի, որ ոչ միայն օգտակար կարող եք լինել ձեր անձին և ձեր ընտանյաց, այլև ընդհանուր մարդկության: Ձեր նամակի բովանդակությունը ինձ ենթադրել կուտա ոչ միայն սովորած ուսմանդ, այլև գործնականի մեջ ձեռք բերածդ փորձառության չափը, հետևաբար ուշ կամ կանուխ կհասնիք այնպիսի մի վիճակի, որ մի օր, ոչ միայն նյութապես, այլև բարոյապես վարձատրված կզգաք ինքզինքնիդ, ժամանակավոր դեպքերն և շրջապատի ազդեցություններե պետք չէ որ հուսահատվիք, ինչպես դուք կգրեր՝ քանի որ ձեր նպատակն է միշտ հառաջադիմել գիտության և արվեստից մեջ։
Չգիտեմ թե ինչքա՞ն ցանկություն կունենաք Հայաստանը տեսնելու և հայրենի հողին վրա աշխատելու, ես շատ մեծ փափաք եմ զգում, որ դուք Հայաստան գաք և ձեր աշխատանքն ու մտավոր կարողությունը ի գործ դնեք հայրենաշեն ասպարեզի մեջ: Մեր հայրենիքը կարոտ է լուրջ և փորձված արվեստագետներու և ձեզ չափ փորձված ու մշակված արվեստագետներ բնավ առանց աշխատության չեն մնար. մեր հայկական կառավարությունը առանձին հարգ ու պատիվ կուտա խելոք արվեստագետներու, որոնք իրական արժանիք ցույց կուտան մեր ավերված հայրենիքը վերաշինելու ծանր գործի մեջ:
Բնական է, որ Հայաստանը չի կարող համեմատվել Եգիպտոսի նման հարուստ երկրի հետ, ուր մասնագետներ ամեն մի քայլափոխի ոսկի կդիզեն, սակայն ճշմարտությունն այն է, որ Հայաստանն մեջ ալ արվեստագետներ միշտ վարձատրված են համեստ չափով և յուրաքանչյուր ոք իրենց վիճակեն գոհ են, իրենց սփոփանքը և մխիթարությունը տեսնելով այն բանի մեջ, որ իրենք կաշխատեն հայրենիքի վերաշինության նվիրական գործին մեջ, որ ամեն մի հայու պարտականությունն է։