Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թեև խիստ մեծ ցանկություն ունեի ինքս անձամբ գալ, սակայն ինձ համար անհնար եղավ, որովհետև երկու օր է, որ թեև ես էլ շատ տկար եմ զգում ինքզինքս, սակայն կնոջս դրությունը ավելի է ազդում իմ վրա։ Գիշերը ամբողջ առանց քնելու լալիս է: Ես հազիվ կարողանում եմ ազդել վրան և մի քիչ հանգստացնել: Սաստիկ վախենում եմ, որ իր արդեն տկար դրության վրա ազդե այդ խորը վիշտը և լրջորեն հիվանդանա, որով և ամբողջ ընտանիքով անօրինակ մի նոր դժբախտության կենթարկվեմ: Ուստի գիշերը մենակ չթողնելու համար՝ այս անգամ չեմ կարողանում գալ: Եթե ժողովը այս երեկո է, ապա Կոմիտեի բոլոր անդամներից խնդրում եմ, որ այս անգամ ևս ներողամիտ լինին իմ ակամա զանցառությանս համար: Հաջորդ ժողովի օրվան մասին խնդրում եմ ինձ տեղեկացնեք երկու տողով, անպատճառ կգամ: Գրավոր զեկուցումս արդեն պատրաստ է Թալինի մասին3 և այնքան կարևոր եմ համարում զեկուցումս անել, որ կարգադրություններ շուտով արվի այդ մասին։

Այս առթիվ պիտի խնդրեմ, որ Թալինի ներկայացուցիչի մանդատը4 շուտով ուղարկվի իր պարտականության վերաբերյալ առանձին հրահանգներով: Եթե ուշանա, վախենում եմ, որ անհոգության կտա և անփույթ կվերաբերվի իր պաշտոնին. պետք է իրենից էլ պահանջել, որ շարունակ գրե տեղեկություններ հնությունների վիճակի մասին, Կոմիտեին իրազեկ պահելու համար։

Ներկայացուցչի հասցեն է Լեն<ինականի> գավառի, 6-րդ գավառամասի հին Թալին գյուղի բնակիչ Մեսրոպ Բարսեղյան:

Հին Թալինի գյուղխորհրդի նախագահի անունն է Արտաշես Հովհաննիսյան։ Կարծում եմ, որ գյուղխորհրդի նախագահին ևս Կոմիտեի կողմից՝ թանգարանի և հնությունների պահպանության համար, պաշտոնական մի բան գրվելը հարմար կլինի։

Նամակը պետք է ղրկել Ղարապուրուն կայարանով, որովհետ<և> այնտեղից փոստ է գնում Թալին` շաբաթը 2—3 անգամ: Թեև ավելի լավ կլիներ Լենինականի գործկոմի միջոցավ ղրկել, սակայն այժմ Լենինականի գործկոմը հազիվ թե ի վիճակի լինե այդ հանձնարարությունները կատարել աղետի5 պատճառով:

Ավելորդ չեմ համարում այս առիթով տեղեկացնել, որ Արթիկի, Մահմուտճուքի, Հառիճի հուշարձանները անվնաս մնացել են երկրաշարժից. ստույգ տեղեկության վրա հաստատ է, որ միայն Արթիկի եկեղեցիից երկու քար միայն ինկել է։ Մարմաշենի մասին լուր չի կարողացա առնել։

Հարգանքներով
Թ. Թորամանյան