Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարյուր ռուբլի, այստեղ պիտի թողում նաև 200-են ավելի ալ պարտքերս, զորս տալու հնար չունիմ, կհուսամ երթալ և հետո խրկել։ Երբ հաջողիմ այս գումարը ճարել, մեկնելես առաջ իմ հարմար դատած պատկերներես փոշթին կհանձնեմ՝ շնորհակալության նամակով մը առ Ճեմարանի վարչությունն։ Իսկ եթե չի կարողանամ գտնել և կրկին թևերը կոտրած թռչունի պես մնամ մինչև այն ատեն, որ Դուք այս կողմերը կուգաք, կփափագիմ Ձեզի ընտրել տալ ինչ որ հարմար է խրկել։

Միայն մի հարց, որը ուղեղիս մեջ շատ մեծցեր է և շնորհ կխնդրեմ քանի մը տողով բացատրություն մը մեկնելես առաջ: Ճեմարանի՝ ինձի ըրած խոստումեն հետո, որով հանձն կառներ ցուցահանդես բանալ և մեկ մասը գնել, ինչո՞վ մեկնել այժմյան սառնությունը, ես շատ կխնդրեմ անկեղծ և բարի լինիլ բացատրության մեջ։ Կասկածներ կան, որոնք սիրտս կճնշեն այդ մասին:

Եկեղեցական խորհուրդը5, եթե չի խառնվիր Լազարյան ճեմարանի գործերուն, գոնե կրնար գեթ երկուքին մեկը որդեգրելով՝ արձանագրել6 տալ։ Ինձի մոտեն ծանոթ է Լազարյանի և Էջմիածնի տարբերությունը, եթե ես ուզեի և համակրեի Էջմիածնի ճեմարանին, այն ատեն պետք չունեի իրենց բարձրագույն միջնորդության, ինքս կդիմեմ կաթողիկոսին և կհուսամ, որ հաջողի։ Բայց ես այդ հաստատության երբեք չեմ համակրած։

Միքայել վարդապետի Ձեզ գրածեն կրնաք ապահով հավատալ, առ այժմ շատ խաղաղ է, և վրդովման երկյուղ ալ չիկա։ Իսկ ինչ կվերաբերի նորոգությանց մասին, չեմ կրնար երաշխավորել, որովհետև ձմեռը անիկա ալ ինձմե բնավ տարբերություն չունի ելևմուտքի կողմանե։ Սակայն այս առթիվ կհիշեցնեմ Ձեզ Ձեր մի խոստումը Գապզիմալյանի և Կարանյանցի, որով թույլ տվիք շինել այնտեղ մի հյուրանոց7։

Վաղուց է, որ միշտ ինծի կխնդրեն, որ ես գրեմ Ձեզ, որպեսզի խրկեք հարկ եղած պաշտոնական արտոնաթուղթը. մտադիր են շուտով սկսել շատ կանոնավոր շենք. նույնիսկ տրամադիր են Ձեր տված հատակագծին համաձայնել, և կխոստանան մինչև Ձեր գալը ամեն բան պատրաստ ընել։ Արդ, եթե հաճելի է Ձեզ և հնարավոր, շնորհ ըրեք խրկել Ձեր կամքը և արտոնագիրը, որով վճռված ալ կըլլա Ձեր բնակարանի հարցն ալ։

Խորին հարգանքներս ազն<վուհի> տիկինին8 համբույրներ թանկագին փոքրիկներուն։

Ձերդ խոնարհ ծառա՝
Թորամանյան