Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

37. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1907, 22 հոկտեմբերի
Անի

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Լիովին վստահ եղեք, որ իմ միակ ցանկությունս էր շատ ավելի կանուխ հասցնել Ձեր գործերը. դժբախտաբար իմ ձախող դրությունը արգելք եղավ։

Ամեն տարվընե ավելի անմխիթար է վիճակս այս տարի։ Ձեր մեկնելեն հետո շատ փափագեցա գնալ Ալեքսանդրապոլ, վարձել մի սենյակ և հանդարտ աշխատել, սակայն դեռ մինչև այսօր չեմ համարձակած այդպես մի ձեռնարկի և կմնամ այս տխուր ու ամայի ավերակներու մեջ, որովհետև կոպեկներե իսկ զրկված հայր սուրբի1 հոգածությամբ միայն կապրիմ։

Սեպտեմբեր ամսո մեջ ալ հանկարծ հիվանդացա բավականին լուրջ կերպով, տևեց երեք շաբաթ, թեև բոլորովին պառկած չէի, սակայն աշխատելու հաճույքեն ալ զրկված էի։ Ահա այս եղավ գլխավոր պատճառ, որ մինչև այժմ ուշացավ։ Արդ Ձեր բարձր ներողամտությունը կխնդրեմ այս ակամա հապաղմանս համար։

Ձեր հեռագիրը երեք օր հետո ստացա և փութացի Օհանը խրկել քաղաք՝ պատասխանելու համար ի միամտություն Ձեզ, ես ինքս ալ կը պատրաստվիմ իջնել վար2 ձեռքովս փոշթին հանձնելու Ձեզ պատկանյալ ութ կտոր գործերը3։ Պիտի ջանամ այնտեղ բնակարան մը ունենալու, եթե չի հաջողիմ նյութականի բացարձակ պատճառավ, պիտի վերադառնամ կրկին այստեղ՝ կամա ակամա ձմեռն անցնելու համար։

Շատ կխնդրեմ, որ վիճակիս մասին գրածներս ոևէ նկատումով կամ ակնկալությունով գրված չի համարիք, ոչ մի նյութական ակնկալություն չունիմ․ իրողությունը ճշտիվ գրած ըլլալու համար եմ գրած, միայն ցանկալի է, որ միշտ ի նկատի ունենաք այն բարոյական վարձատրությունը, որնոր պիտի համարիմ ինծի ամենամեծ վարձատրություն իմ բոլոր տառապագին աշխատություններուս, և պատիվս վերականգնված պիտի ըլլա Ձեր շնորհիվ իմ ազգակիցներուս քով, որոնք մինչև այսօր անտարբերության և արհամարանքի սուր սլաքներով խոցեցին սիրտս։

Ի նկատի ունենալով իմ թափառական և անբնակարան վիճակս՝ կկարծեմ, որ անհնար պիտի ըլլա մաքուր աշխատանքներուս