41. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Ալեքսանդրապոլ
Մեծահարգ պ․ բրոֆեսեոր,
Ամսույս 26-ին փոշթին հանձնեցի իմ բոլոր սևագրություններս՝ հարյուր իննսուն և հինգ թերթ, և մաքուր աշխատանք քսան թերթ1։ Դիմումս2 լավ թե վատ թարգմանվեցավ ռուսերենի․ իմ հայերեն ձեռագրովս միասին խրկեցի, իսկ զեկուցմանս3 միայն հայերեն բնագիրը խրկեցի՝ թարգմանությունը ուշանալուն համար. մինչև հառաջիկա կիրակի կամ երկուշաբթի անոր ռուսերեն թարգմանությունն ալ պիտի խրկեմ։ Թախանձագին կխնդրեմ, որ անվնաս հասնելուն ինձի երկտողով մը իմացնելու շնորհ բերեք. և եթե հնար է շուտով կազմակերպվի քննության գործը, որպեսզի ես ալ օր մը առաջ այս դժբախտ դրութենես ազատելու ճարը նայիմ․ ան<ն>կարագրելի կերպով անմխիթար վիճակի մեջ եմ։
Այսօրվան նամակս տարբեր նպատակով սկսեցի գրել, և ակամա դրեցի նախորդ տողերս, այժմ գամ բուն նպատակին։
Կարսեն եկավ երեկ տեղս տ<եր> Խորենը, և բարևներ բերելով թե Ձեզ և թե ինձ մեր հայր սուրբեն4, որ Կարս կգտնվեր, պատմեց հետևյալ անախորժ դեպքը։
Ամսիս 24-ին հայր սուրբը հրավեր կստանա Անիի պարիսպեն դուրս գտնված 100 տեսեթին վարելահողին աճուրդին5 մասնակցելու համար։ Այս կարգադրությունը հաջողած ըլլալ կկարծվի Կարսի ակենթին ջանքերով, որուն դիմումներուն վրա Երևանի նահանգապետը կհրամայե աճուրդի դնել պարիսպի դուրսը գտնված հողերը։
Վերջապես, հայր սուրբը չի հասներ աճուրդի համար որոշվ<ած> օրին, ամսիս 26-ին, սակայն տ<եր> Խորենը կանխավ իմանալով և խղճալով հայր սուրբի ըրած ծախքերուն վրա, մի կերպ կհաջողացնե աճուրդը վերջացնել հայր սուրբի անունով, տարեկան 150 ռուբլիի փոխարեն վեց տարի պայմանաժամով։ Հետևյալ օրը կհասնի հայր սուրբը Կարս և կվճարե 75 ռուբլի կանխավճար, և թո<ւ>ղթերը շինվելով կխրկվի Երևանի նահանգապետին ի հաստատություն։
Այս կարգադրութենեն հետո հայր սուրբ կշտապե ինծի լուր հասցնել տ<եր> Խորենի հետ, որպեսզի շուտով Ձեզի իմացնեմ Ձեզմե անհայտ որոշումը և խնդրեմ Ձեր կարգադրությունը։ Ես ալ շտապով երեկ հեռագրեցի Ձեզի եղելությունը համառոտակի և այժմ