Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեցա<ծ>ս 175 ռուբլի պարտքեն, որուն 150-ը ստացած եմ երկու տարի առաջ, իսկ 25-ը նախորդ ձմեռվա մեջ։

Անցյալ 1906 տարվա սեպտեմբեր ամիսեն սկսյալ մինչ այսօր իմ ամբողջ մուտքս Ձեզ հայտնի է արդեն։ 100 ռուբլի խրկեց Գիտությանց ճեմարանը, 50 ռուբլի մի ուրիշ ընկերություն՝ Ձեր միջնորդությամբ, 25 ռուբլի պ․ Լեոեն՝ փոխառություն․ այս ամառ ալ Ձեզմե ստացա 80 ռուբլի, որոնց ամբողջ գումարն է 255 ռուբլի։

Ճեմարանին 100 ռուբլին ստանալուս, 60 ռուբլի անմիջապես տուն փոխադրեցի․ ամառվա մեջ ծառայելիս՝ Կարապետին, ռոճիկ չորս ամսվա համար, և լվացքի վճարեցի 45 ռուբլի, մնացյալ 150 ռուբլին էր, որ ինծի համար տրամադրելի կմնար։

Ահա այդ 150 ռուբլիի առասպելական գումարով կյանքս քարշ տվեր եմ մինչև այսօր՝ ամբողջ տասն և վեց ամիս, երբեմն պարտքով, երբեմն զրկանքներով։ Ահա այս պարզ ու կարճ հաշվեցուցակս թող ցույց տա Ձեզ իմ անցուցած կյանքի վճիտ պատկերը։

Աշնանս մտադիր էի Անիեն բնավ չիջնել ապրելու՝ ոևէ ապահովություն չունենալուս համար, սակայն մեկ կողմեն վարդապետին3 խեղճ վիճակը, մյուս կողմեն անժամանակ ցուրտն ու ձյունը զիս ստիպեցին վերստին գալ այստեղ։ Խիստ ստիպողական պատճառով մը քանի մը օրվա համար Թիֆլիս գնալ գալես հետո, Ձեր ամառվանս մեջ տրված քանի մը ռուբլիեն ալ արդեն կոպեկ չէր մնացած գրպանս։

Նախկին բնակարանս գնալ անկարելի էր, ստիպված էի նոր բնակարան վարձել․ ուստի որպեսզի աժան ըլլա, հրաժարվելով իմ կենսական պահանջներես, առանց նախաճաշի և ընթրիքի, 24 ժամվան մեջ, միայն մեկ ճաշով բնակարանը մը վարձեցի՝ յուրաքանչյուր ամիս 20 ռուբլիով։ Ցավալին այն չէր, որ ես առօրյա կանոնավոր սնունդես կզրկվեի, այլ անմխիթար ցավ եղավ ինձ, որ իմ սիրելի աշխատություններես ալ զրկվեցա․ բացի սենյակիս փոքրութենեն և լույսի անհամեմատ պակասութենեն, ներս մտած օրես սարսափելի գլխացավով և ձախ ձեռքս ու ոտքս սաստիկ րոմանթիզմով կտանջվիմ օրվա 24 ժամը․ խոնավ և ցուրտ։ Ամեն տարի ես ինքս կառնեի վառելափայտս, այս տարի չի կարողացա, հետևաբար տանտիրոջս քմահաճույքեն կախված մնաց զիս տաքացնելը։ Ոչ ոտքս կոշիկ մնացած է և ոչ վրաս շոր․ մնացած եմ բոլորովին ամառվան բարակ շորերով և շարունակ կդողամ։ Ներքևին ճերմակեղեն ամենևին չի մնաց, սովոր էի բրդյա ֆլանելի, անոնք ալ տանտիրուհիիս ծիծաղին արժանանալու չափ պատառ պատառ եղած և