Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի որ այդ մասին ես ոչինչ չի գիտեմ, կվախնամ, որ ինքզինքս անախորժ դրության մեջ դնեմ այժմեն գին նշանակելով5։ Իսկ ես, երբ կբախտավորվիմ անոր մասին նպաստավոր վճիռ լսելով, և կը քաջալերվիմ բարոյապես այն ատեն, Դուք ինքնին գիտեք, որ ես շահասիրութենե բոլորովին հեռու, արվեստի և բարոյական պատվո սիրով վառված կընեմ այն ամեն զոհողությունները, որոնք իմ կարողությանս սահմանին մեջ կգտնվին. կխորհիմ, կխորհրդակցիմ հմուտ և փորձառու մարդկանց հետ, պարզապես Ձեզ հետ, և ինչ որ հարմար և օրինական կտեսնվի, կառաջարկեմ, և եթե հաջողվի համաձայնել, այն ատեն փառք ու պարծանք կսեպեմ ինծի համար գործ ունենալ և աշխատել այդօրինակ գիտական մեծ հաստատության մը հետ։

Նամակս շատ երկարեցի և զՁեզ ձանձրացուցի, խնդրեմ հարգանքներս տալ Ձեր ազն<վուհի> տիկինին6 համբույրներս՝ փոքրերուն։

Մնամ միշտ Ձեզ խոնարհ ծառա՝

Թ. Թորամանյան


45. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1908․ 27 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Այս տարվան զարհուրելի ձմեռը տակավին անողոք կերպով նստած է Ալեքսանդրապոլցիներու և շրջակայից սրտին վրա, և կարծեք բնավ գարուն տեսնելու հույս չիկա։ Նմանը՝ չի տեսնված քանակությամբ ձյուն, ոչ միայն սարերն ու դաշտերը ծածկած են, նույնիսկ քաղաքիս մեջ փողոցներու վրա երկուք, երկուք ու կես արշին բարձրությամբ ձյուն կա. անօրինակ աղետ մը եղավ այս տարվան ձմեռը չքավոր հասարակության գլխին, ի շարս որոց ես ալ իմ տխուր բաժինս ունեցա անոր գործած ավերումներեն։

Ձմեռվան դեմ մաքառելու համար դեռ աշնանե անպաշտպան դրությունս զիս մինչև իսկ վտանգավոր ըսվելու չափ լուրջ դրության հասցուցած է․ ամենևին առողջ օր մը չանցուցի։ Ես՝ մոռցած թևերուս ու ծնկվըներուս ռոմաթիզմին պատճառած տանջանքները, աշնան սկիզբեն սկսող տագնապալի գլխացավիս պատճառավ, որն որ ոչ միայն մինչև այսօր չի դադարած, այլև սկսեր է հաճախ ալ