հասնի: Սույն հուսով ալ այսօր գրեցի Բարիզ, որ պահեն առայժմ՝ մինչև նոր կարգադրություն լինելը: Պիտի սպասեմ Ձեր բարի կամաց և տնօրինության՝ զիս շնորհապարտ կթողուք ընդմիշտ։
Հայր սուրբը2 այստեղ է և կբնակի իմ սենյակս· դեռ կմնա 10—12 օրի չափ, Անիի ճանապարհները ձյունը փակած է։ Խորին հարգանոք կողջունե Ձեզ և կօրհնե զՁեզ համայն ընտանյոք։
Հաջորդ շաբթու կհուսամ թե վերջանա դռան3 աշխատանքս, պիտի ջանամ հետևյալին հասցնել Ձեզ: Մնամ ակնկալու Ձերդ մխիթարության, խոնարհ ծառա
58. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Ալեքսանդրապոլ>
Մեծահարգ պ. բրոֆեսեոր,
Երեկ վերջացուցի հարավային կողմի քարվանսարայի դռան1 աշխատանքը և այսօր կհանձնեմ զայն փոշթին՝ ակամա հապաղմանս համար Ձեր բարձր ներողամտությունը խնդրելով:
Ի՞նչ հիման վրա կազմած ըլլալս ցույց տալու համար անհրաժեշտ համարեցի հետևյալ քանի մը կարևոր բացատրությունները ներկայացնել Ձեզ:
Գետնահարկի դռան բացվածքի և անոր երկու կողմի սյուներուն ու քանդակազարդ շրջանակներուն չափերը ստուգության պետք չունեին, որովհետև տեղին վրա հաստատուն գոյություն ունին։ Այս մասին վրա ստուգության կարոտ էին բարձրությանց չափերը և մեջը դասավորված զարդաքանդակներուն դիրքերը:
Դռան բացվածքին անմիջապես հաջորդող նախագավիթին մեջ բարեբախտաբար մնացող կամարածածկի վերջին հանգստյան քարը ինձ համար ծառայեց իբրև խարիսխ՝ չափերը ճշտելու: Որովհետև, բնականորեն, դռան ճակատի բարձրությունը չէր կարող անցնել գետնահարկի ներքին բարձրութենեն, հետևաբար պետք էր այնքան բարձրություն տալ ճակատին, որչափ որ բարձրության սահման կուտար ներքին նախագավիթի ծածկույթի կամարը իրեն թանձրությամբ։