Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարզ է որ մինչև կամարին սրանկյուն մասին հասած չէր անոր բարձրությունը, մինչև որոշ աստիճան միակտուր քարին վրա աստղերուն պատշաճ ձևով խորշեր փորվելեն հետո, զանոնք ագուցած են փորվածքներուն մեջ, իսկ մնացյալ մասին մեջ սովորական կերպով հյուսված են։ Եթե այդ կտորը չի գտնվեր, որ վերնասեամի նշանները ուներ, թերևս սխալեինք և բուն պատին հատուկ զարդարանք կարծեինք։ Արդ, քանի որ ապացուցվեցավ թե 8 թևով աստղերը վերի՝ առաջին հարկին կպատկանեին, այն ատեն 5 թևով աստղերը բնականաբար պիտի մնային գետնահարկի դռան։

Գալով առաջին հարկի ուրիշ մասերուն, այստեղ ալ մեծ աշխատանք հարկ չեղավ ճշտելու համար, որովհետև, երբ պատուհանին եզերքի սյուները և վրայի քանդակազարդ սրածայր կամարը անաղարտ պահված էին, ուստի ատոնց պատշաճապես իրարու մոտ դասավորելես գտա պատուհանին իսկական բացվածքը 170 — 5 սնթ․, ինչ որ գումարելով եզերքներու սյուներուն և քանդակազարդ շրջանակներու տված լայնության վրա՝ ճշտիվ ստացվեցավ գետնահարկի ճակատի ճիշտ լայնությունը՝ 4,77 սնթ․։ Գալով բարձրության, ամբողջ մնացած մի սյունը առանց խոյակի 190 սնթ․ էր: Ուրիշ մի բեկորի վրայե առնելով խոյակի չափը և մեր արդեն ունեցած քանդակազարդ կամարը վրան դնելե հետո՝ արդեն կկազմվեր իր իսկական բարձրությունը։ Այս բարձրության հավասարությամբ արտաքին քանդակազարդ շրջանակներն ալ դարձնելեն հետո՝ արդեն ստացվեցավ գրեթե նույն չափը, ինչ որ գետնահարկը։ Քանդակազարդ աղեղին և շրջանակին մեջ <մնաց>ած պատը սև ու թուխ քարերով զարդարելս, առանց ապացույցի, լոկ ենթադրություն է՝ նկատելով, որ առհասարակ անոնց սիրած ձևն է և այդքան ճոխության մեջ չէր կարելի, որ պարզ պատ թողեին։ Եթե կար ալ ուրիշ զարդարանք, գոնե առայժմ ոչ մի հետք չիկա։

Այժմ պետք է խոստովանիմ մի քանի ակամա թերություններ, որոնք կամքես անկախ պատճառներով ստիպված էի ընել։ Առաջին հարկի քանդակազարդ շրջանակի մանվածոն հարազատ չէ, այլ մի մոտավոր ձևը իսկականին, որովհետև անհնար էր այդ համաչափական փոքրության մեջ ճիշտ գործողություն կատարել նույն հյուսվածքը ստանալու համար։ Նույնիսկ ներկա քանդակը կրկնապատիկ խոշոր է իսկականին համեմատությամբ, նույնպես գետնահարկի մանվածո քանդակը, թեև ճիշտ նույնն է հյուսվածքը իսկականին հետ, սակայն իսկականին կեսն է. նույնչափ մը ևս քովը դնելով պիտի ստացվեր բուն լայնությունը, ուստի հյուսվածքի ձևը