Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

61. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1909, 11 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Մինչև ցարդ անշուշտ ստացած եք ներկա 1909 տարվան «Արարատ»1-ի հունվարի ամսաթիվը, որուն մեջ Մեսրոպ վարդապետ պատասխաներ է Ձեր հարցումին2։

Ես չգիտեմ, Դուք ի՞նչ կխորհիք, միայն հայտնի է, որ այդ պատասխանին պատասխանելու մեծ մասը իմ վրա կծանրանա, և ես ուրախությամբ և շատ շուտով հրատարակության կուտամ իմ պատասխաններս3 այդ պատասխանին յուրաքանչյուր կետերուն մանրամասնաբար։ Մեսրոպ վարդապետ ասկեց ավելի միամտություն չէր կարող ունենալ, ինչ որ ունեցել է այդ հարձակումներուն մեջ, ուստի թախանձագին կխնդրեմ, որ մինչև իմ պատասխանս հրատարակելս, որ նոր անմիջապես կխրկեմ Ձեզ (եթե իհարկե հարմար կտեսնեք), ոևէ քննություններ չի կատարեք հատակագծերու վրա՝ ըստ առաջադրության Մեսրոպ վարդապետի. նա այնպիսի մոլորության մեջ ինկած է, որով կկարծեմ, թե վերջնականապես իր ձեռքով պիտի մաքրե սեփական ձեռքովը արատավորած պատիվս, որովհետև ինչ որ ինք գրեր է լիովին սխալ են։ Եվ ես մեկ մեկ փաստացի պիտի ապացուցանեմ ոչ միայն հատակագծի վերաբերածը, այլև մեղադրանքներուն բոլոր մասերուն ալ զրպարտություններ ըլլալը:

Անշուշտ ստացաք խրկածս թե՛ դուռը4 և թե՛ Էջմիածնի մասին կատարածս ուսումնասիրությունը5։ Խնդրեմ բարի եղեք ինձ իմացնելու, նույնպես նաև հարցեր և նկատողություններ Մեսրոպ վարդապետի պատասխանի մասին, եթե ունիք, որոնց մասին հարկ լինի բացատրություններ իմ կողմանե։

Արդյոք, կմնա՞ տակավին Ձեզ մոտ այն հանձնարարական նամակը6, որ ես Ձեզ բերի Մեսրոպ վարդապետի կողմանե՝ առաջին անգամ Ձեզ հետ ծանոթանալու առթիվ, որուն մեջ նա չէ բարեհաճած զիս ճարտարապետ անվանելու և գրած է նկարիչ։

Ընդունեցեք խորին հարգանքներս

Ձեր <խոնարհ> ծ<առա>

Թ. Թորամանյան