Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

62. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1909, 17 փետրվար
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Շատ շնորհակալ եմ Ձեր համակրական ջերմագին զգացումներեն, և ուրախ՝ աշխատությանս մասին Ձեր բարձր գնահատութենեն1։

Ցավոք սրտի կխոստովանիմ, որ վերջին տարիներս շատ սովորական դարձեր է ինձ համար որևէ բան մը գրած ատենս բառեր և նախադասություններ մոռնալ, և այս ալ, պարզապես, հետևանք է այն հոգեկան դժբախտ տրամադրություններուս, որոնց ենթարկված եմ ակամա անմխիթար և հուսահատական վիճակիս վրա չարաչար մտածելով։ Ուստի խոնարհաբար կխնդրեմ, որ ըստ Ձեր հասկացողության ամբողջացնեք այն պակաս մասերը, որոնք բաց թողված են գրելու ժամանակս, վասնզի ես չունիմ մոտս արտագրված օրինակ սրբագրելու համար. ժամանակը անցած ըլլալը արդեն նկատելով շտապեցի խրկել առանց արտագրության։ Միայն հատուկտոր ծանոթություններու մեջ գտա, որ ճիշտ եք նկատած «այս մասին ևս շատ սխալ է Ստչիգովսկիի կարծիքը»-ի խոսքին մեջ սխալ է բառին մոռացված ըլլալը։

Քանի որ այդքան շահեկան նկատված է աշխատությանս բովանդակությունը2, ցանկալի կըլլար իմ կողմանե ալ անոր շուտափույթ հրատարակությունը անշուշտ Ձեր քննադատական և գնահատական հառաջաբանով և եթե հնարավոր է ակադեմիայի ալ վկայությունով (այս մասին ներեք ինծի, գուցե շատ խնդրեցի և անպատշաճ), թերևս օգուտ ունենա հառաջիկային Էջմիածնի վերանորոգության3 համար պատրաստվելիք ծրագրին ընդունելության, քանի որ պաշտոնապես կուզվի, թե՛ հայկական ոճով և թե՛ նախնական ձևով վերաջինության ծրագիր։

Թեև դեռ պաշտոնապես չէ հանձնարարված ինձ շինության մասնաժողովի կողմե աշխատանքն սկսել, և ինչպես կլսեմ նախկին ընտրության բեկման ալ ցանկացողներ կան՝ մեզ ծանոթ անձնավորությանց կողմանե, անվավեր համարելով ընտրությունը (գլխավորաբար իմ ընտրությունս), գուցե և հաջողին ալ, բայց համենայն դեպս, հույս է, որ կտածեմ։

Խորին հարգանքներս Ձեր ազն<վուհի> տիկինին4. մնացողներ<ի>ն շատ բարևներս։

Մնամ Ձեզ խ<ոնարհ> ծառա՝

Թորամանյան