Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

63. ՄԵՍՐՈՊ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

1909, 18 փետրվարի
Ալեքսանդրապոլ

Բաց նամակ

Արժ<անապատիվ> Մեսրոպ վարդապետին

Ներկա 1909 տարվա «Արարատ»1 ամսագրի հունվար ամսաթիվի մեջ պատասխանելով հարգելի գիտնական պրոֆ. Մառի «Շարք Անւոյ»2 № 2 գրքույկի միջոցով Ձեզ ուղղված մեկ հարցումին3, համոզում կհայտնեք, որ պրոֆ. Մառ, մեքենաբար ենթարկվելով արտաքին ազդեցություններու, փսփսուքներու, և որ ավելին է՝ իմ հեղինակությանս պաշտպանության համար, զՁեզ վիրավորեր է: Որպես թե պրոֆ. Մառ այնքան միամիտ և դյուրահավատ մարդ է, որ առանց որևէ գործնական փաստերու ընդունակ է մեղադրանքներ թափելու ուրիշներու վրա։

Ձեր շոշափած խնդիրներուն մի առ մի պատասխանելն առաջ, հարկ կտեսնեմ շատ համառոտ կերպով պատմել մի իրողություն, որան միակ վկան Դուք եք և Ձեր վկայությունները4 մասամբ հրատարակած «Ազգագրական հանդեսի»5, 1907, XV գրքի մեջ։

1904 թվականի աշնան, հոկտեմբեր ամսո մեջ, Անիեն դարձիս՝ երբ գնացի Էջմիածին դարմանվելու, նույն ատեն եկավ նաև ճարտարապետ պ. Տեր-Սարգսյանն ալ։ Ի սկզբան ես, ծանոթ չլլալով այդ ճարտարապետին հետ, Ձեր միջոցավ իմացա, որ նա ևս եկած է Զվարթնոցով զբաղվելու և թե՝ չէ ընդունում իմ կարծիքները Զվարթնոցի վերակազմության մասին:

Քանի մը օր հետո, երբ ես հանգուցյալ Հաջիի սենյակը կգտնվեի, եկավ Ձեր ծառան զիս կանչեց՝ «վարպետ, հայր սուրբը քեզ կանչում է» ըսելով։ Շտապեցի անմիջապես գալ, և Ձեր սենյակին մեջ գտա նաև ճարտարապետ պ. Տեր-Սարգսյանին, որուն հետ զիս ծանոթացնելու փութացիք։

Ընդհանրապես, սովորական դարձած քանի մը քաղաքավարական խոսակցություններե հետո, երկուքդ մեկանց չուշացաք նաև Զվարթնոցի կազմության մասին իմ կարծիքս հարցնելու, որն որ արդեն ըստ իմ հայեցողության ամբողջովին վերակազմեր էի նույն տարվան գարնան մեջ։ Բայց որովհետև վերակազմության պատկերները Խաչիկ վարդապետ ամիսներ առաջ միասին տարած էր Ռուսաստան, ստիպված եղա բերանացի բացատրել, որչափ որ հնար էր։