Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ պարզեցի տեսություններս՝ հենվելով իմ գտած փաստերու վրա, թե ինչպես արտաքին պատերու զուգահեռական ուղղությամբ ձգված էին ութ աղեղներ, որոնց մեկ-մեկ ծայրերը հանգչած էին մույթերու ետև գտնված արծվեքանդակ կրող սյուներ ու խոյակաց վրա, և մյուս ծայրերը իրենց հենակետ ունեցած էին միջին կիսաբոլորակ թևերու մեջտեղի երկու սյուները իրարու միացնող փոքր աղեղները, որով հնարավոր եղեր էր արտաքին պատերուն զուգահեռական կլորությամբ խարիսխ մը ստեղծել՝ ներքին խաչաձևի և արտաքին պատերու միջև գտնված շուրջանակի միջոցը ծածկելու սահմանված կամարին համար, և այսպիսով նաև մի կախյալ հարկ կազմված էր բոլորովին անկախ մույթերու վրա հանգչող գմբեթեն։

Հազիվ վերջացած էր բացատրությունս, պ. Տեր-Սարգսյան շտապեց նախապես Ձեզ հայտնած կարծիքը ինծի ալ կրկնելու, թե միանգամայն գիտության անհամապատասխան է տված բացատրությունս և մինչև իսկ անկարելի։ Սակայն, երբ ես պնդեցի իմ համոզմանս վրա, պ. Տեր-Սարգսյան ավելի սուր շեշտերով պատասխանեց ինձ հետևյալ խոսքերով. «Ինծի նայեցեք, պարոն, ես Պետերբուրգ եմ ուսել, արտասահման եմ եղել. գիտությունը չի ընդունի այդպես բան, չի կարող լինել»:

Այս խոսքին մեջ՝ անմիջապես զգացի այն սուր հեգնություններու և արհամարհանքներու արմատը, որ հետզհետե մեծանալով պիտի փոխվեր երկար ժամանակ կրած կարգ մը ստորացուցիչ պատվանուններուս։ Ուստի ես ալ վիրավորված պատասխանեցի. «Պարոն, վրաս ալյուրոտ տեսնելով զիս ջաղացպան մի՛ կարծեք, թերևս ես ալ ունենամ Ձեզ պես պարծենալու առիթներ։ Բայց պահ մը ենթադրենք, թե ես ոչ ուսում ստացած եմ և ոչ ալ արտասահման տեսած։ Երբ տեղին վրա գոյություն ունին իրական փաստեր և ըսածներս ապացուցանող որոշ բեկորներ, ինչպե՞ս կարող եմ Ձեր ուզածին պես մտածել։ Ես ալ Ձեզ նման գուցե չհավատայի, եթե երկար ատեն Զվարթնոցի ավերակները ուսումնասիրելես առաջ մեկը պատմեր ինծի այս տարօրինակ իրողությունը. ես ոչ թե ենթադրության, այլ իրողության առջև ստիպված եմ խոնարհիլ»։

Այս միջոցին, Դուք, տեսնելով մեր սուր վեճի կերպարանք ստանալու սպառնացող խոսակցությունը, միջամտեցիք ըսելով. «Եղբայր, ինչի՞ եք միմյանց վիրավորում, լավ չէ՞ որ շուտով մի կառք կանչենք, գնանք Զվարթնոց. այնտեղ ցույց տվեք Ձեր փաստերը»։