Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդպես ալ եղավ. հրամայեցիք, կառքը եկավ, և չորս հոգի (դժբախտաբար չեմ հիշեր, թե ո՞վ էր մեր չորրորդ ընկերը) գնացինք Զվարթնոցի ավերակները։ Այնտեղ Ձեր ներկայության նախ ցույց տվի պ. Տեր-Սարգսյանի անկարելի համարած կոր աղեղներու մնացորդները։

Պերճախոս իրականության առջև պ. Տեր-Սարգսյան ոչ միայն զարմացմամբ ընդունեց այս հետաքրքրական իրողությունը, այլև վաղածանոթ բարեկամի մը նման թևս մտած խնդրեց ինծի ցույց տալ իրեն այն բոլոր մասերը, որոնք ավերակի վերակազմության լրացուցիչները կկազմեին։ Ես սիրով կատարեցի անոր անկեղծ ցանկությունը ոչ միայն նույն օրը, այլև հետևյալ օրն ալ, ցույց տալով բոլոր կարևոր բեկորներն ու քարերը և անոնց պատկանած տեղերը, որչափ որ կարողացած էի ճշտել գարնան չորս ամսվան հետազոտությանս միջոցին։

Չմոռնամ ըսելու, որ պ. Տեր-Սարգսյան, լիովին ընդունելով ներքին հարկերու վերաբերյալ բոլոր ցուցմունքներս՝ միայն անհամաձայն մնաց ինձ հետ գմբեթի կազմության մասին։

Այս պատմության ճշտությանը գրեթե կետ առ կետ հաստատություն կուտաք, երբ «Ազգագրական հանդեսի» 1907 թ<վականի> XVI գրքի 132-րդ երեսի վրա, հիմնվելով իմ վկայության վրա՝ կնկարագրեք մանրամասնորեն Զվարթնոցի կանգուն վիճակը։ Ես չեմ կարծեր, որ պ. Տեր-Սարգսյան ալ, իբրև պատվազգաց մարդ, զիջանի այլ կերպ պատմելու այս իրողությունները։

Ուրեմն հիմա հայտնի է, որ դեռ պ. Տեր-Սարգսյան Զվարթնոցի ավերակները չտեսած, ես արդեն հատակագծի և առաջին հարկի բոլոր մասերը ամբողջացնելով՝ անվիճելի կերպով կազմեր էի։

Արդ, երբ դուք կգրեք, թե «ճարտարապետ պ. Քրիստափոր Տեր-Սարգսյանը պատրաստեց բուն եկեղեցու մանրազննին հատակագիծը» («Ազգագրական Հանդես», 1907, XV գիրք, երես 90), ով որ ալ ըլլա ընթերցող այդ տողերուն՝ ուրիշ կերպ չէ կարող հասկնալ, բայց եթե այդ աշխատության բոլոր մանրամասնությունը պ. Քրիստափոր Տեր-Սարգսյանին նվիրված, քանի որ բարեխղճորեն բացատրված և զանազանված չէ յուրաքանչյուրիս կողմանե եղած աշխատանքին տեսակները. ուստի բնական էր, որ այդ անորոշ գրվածքը տեղի տար թյուրիմացություններու և ծնունդ՝ ծանոթ հարցումին։

Հիմա, իհարկե, պարզ կտեսնեք, թե պրոֆ. Մառի հարցման գլխավոր շեշտը կկայանա ոչ թե համալսարանական ճարտարապետի