դրված ըլլար և ենթարկվեր կարող մասնագետներու անաչառ քննադատության:
«Ենթադրյալ գաղտնիքների մեջ ի՞նչ մասնակցություն կարող էի և պետք է ունենայի» խոսքերնիդ անարդար խուսափում մը ցույց կուտա. ընդհակառակը, Դուք իրավամբ պետք է պարծենաք, որ եթե օր մը Զվարթնոց եկեղեցվո վերակազմության խնդիրը իր ցանկալի լուծումը ստանա, այն ալ Ձեր ջանքերուն պիտի պարտինք, որովհետև միայն Դուք եք ի սկզբանե այդ խնդիրը հուզող, անոր մասին վիճող և զանազան կարող ճարտարապետներու քննության ենթարկողը։ Կհավատամ նաև, որ մինչև վերջը պիտի տանիք. ինչո՞ւ ուրեմն խույս տալ այդ արդար փառասիրութենեն։ Միայն կցավիմ, որ հաճախ պատահեր եմ Էջմիածին, երբ Դուք կարող ճարտարապետներու ընկերակցությամբ գնացեր եք Զվարթնոցը ուսումնասիրելու և չեք բարեհաճեր զիս ալ անոնց մեջ տեսնել` կարծիքներու փոխանակության համար, և կամ գոնե այդ գործին վրա իբրև ամենեն շատ աշխատող մարդ ուսումնասիրությանց դյուրություն տալու համար։ Չգիտեմ իմ վարպետի աստիճա՞նս էր արգելք, թ՞ե մի ուրիշ ավելի զորեղ պատճառ այդ պատիվեն զրկվելուս. Ձեզ միայն հայտնի է։
Կամա թե ակամա կրկնակի սխալեցաք այն ատեն, երբ Ձեր ներկայացուցած հատակագիծը ճարտարապետ պ. Տեր-Սարգսյանի անվան հետ կապելով հանդերձ, բացի ուրիշ անկանոնություններե, փոխանակ հինգ դռան՝ երեք դռնով հրապարակ հանեցիք, որուն մասին պ. Տեր-Սարգսյան, իբրև համալսարանական ճարտարապետ, իրավունք ուներ բողոքելու, քանի որ համալսարանական արվեստագետի մը անունով եղած գործը «ճեմարանի աշակերտի մը» գործեն ավելի ստորին աստիճանի վրա կմնար։ Գոնե ծանոթություն ալ չավելցուցիք այդ մասին արվեստագետին պատիվը խնայած ըլլալու համար։ Ոչ միայն այդ բանը չըրիք, այլև չորս տարի հետո նույն աններելի վարմունքը կրկնեցիք «Ազգագրական հանդեսի»-ի մեջ, տպելով միևնույն հատակագծերը8 աննշմարելի կերպով քերթված պակաս դրանց տեղերը։
Ոչ ոք պատասխանատու չէ կարծեմ Ձեր դժբախտ կլիշեի գլխեն անցած արկածալից պատմություններուն, և ոչ ոք ալ մեղավոր` Ձեր անճշտություններուն համար զՁեզ քննադատելով. փաստը վերին աստիճան տգեղ և աններելի է գիտնականի մը պատվույն: Արդարանալու համար բավական չէր մեղքը Պետերբուրգի ճարտապետ պ. Տամանյանի վիզը փաթաթելը9. ենթադրենք, որ պ. Տամանյան