Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շնորհակալ եմ, որ 1905 թվին, Պետերբուրգի մեջ, պրոֆ․ Վարդանյանի տանը, ամենաջերմ միջնորդություն եք հարուցեր ինձ համար․ այդ մասին «այլ առակ լուարուք», բայց ոչ հիմա, այլ իր անհրաժեշտ ժամանակին։

Իսկապես շնորհակալ եմ և միանգամայն երախտապարտ, որ Ձեր հանձնարարականով ծանոթացուցիք զիս մեծանուն գիտնական պրոֆ. Մառի հետ, որուն հովանավորության տակ՝ խաղաղ ու ապահով կատարեցի ոչ միայն ինծի, այլև համայն գիտական աշխարհի համար շահեկան մի մեծ գործ։

Սակայն ի՞նչ բանի վերագրել Ձեր այն զիրար հակասող ընթացքը, որն որ մեկ կողմեն շինելու և ուրիշ կողմերեն քանդելու բնությունը ուներ մինչև այսօր։ Ինչո՞ւ այս ամենը Ձեր կողմեն, քանի որ հանդարտ խղճով համոզված եմ, թե հանդեպ Ձեզ, իբրև հազվադեպ գիտնական հայ վարդապետի, անկեղծ հարգանք ու մեծարանք տածելես զատ ոչ մի մեղք գործած չեմ։ Անշուշտ այս մասին կխոստովանիք պերճախոս ապացույցներ՝ Բասմաջյանի ուղղված նամակներուս մեջ անձամբ կարդացած ըլլալնիդ, և չեք մոռնար վեհարանի՝ ինձ դեմ հանած խուլ հալածանքը և հաճախ Տաթևի ճամփան15 ցույց տրվիլը, միմիայն Ձեզ հետ ունեցած մտերիմ վերաբերմունքիս բացարձակ պատճառավ։

Շատ ուրախ եմ, որ պ. Բասմաջյանի դատն ալ Ձեզ նման արժանավոր պաշտպանի հովանավորությունը կվայելե, բայց ցանկալի էր, որ ինքը հրապարակ գար այդ խնդրով՝ ինձ համար ևս շահեկան Ձեր ակնարկած հարցերուն վրա լույս սփռելու։ Ես դեռ 1905 թվականին առաջարկեր եմ հրապարակ իջնել կամ մամուլի միջոցավ և կամ իր կողմանե փոխանորդներ ընտրելով, սակայն նա իրեն հատուկ պատճառներով լռեր է։

Մի հոդվածով Էջմիածինը դժոխք անվանելուն պատճառավ պ․ Բասմաջյանի երեսը երկար տարիներ անարգ թուքերով ծեփելե հետո, երբ անցյալ տարի սիրալիր գրկախառնությամբ զիրար ջերմապես համբուրեցիք, իմ նամակներս պ․ Բասմաջյան Ձեզ ցույց տալե հետո, ինչո՞ւ այնքան բարի չեղավ, որ Ձեզ հանձնարարական մըն ալ տար, որպեսզի ինձ մոտ գալով իր գրած նամակներն ալ անգամ մը աչքե անցընեիք, որոնց մեջ Դուք շատ հակառակ նորություններ պիտի տեսնեիք։ Դարձյալ պատրաստ եմ ցույց տալու զանոնք ամեն անոնց, որոնք բացարձակ հրաման կբերեն ինձ Բասմաջյանի ստորագրությամբ, այլապես չեմ զիջանիր անարգ կիրքերն առաջնորդված, բարեկամական նամակներ, որոնք սրբություններ են գիտակից