Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջան են կազմում, եվրոպական գիտությունը ճշտում է իր սխալը և նրանում բացվում է ինքնուրույն էջ հին նայ ճարտարապետության համար»[1]:

Թորամանյանի ուսումնասիրությունների դրական արդյունքները պայմանավորված էին նրա գիտական մեթոդով:

Ի տարբերություն արվեստի բուրժուական պատմաբանների, որոնք ճարտարապետական ոճերը բացատրում էին տիրող տարրերի ազդեցությամբ, Թորամանյանը չժխտելով ընդհանրապես փոխազդեցությունների դերը, հիմնվեց գլխավորապես ճարտարապետական հուշարձանների կոնկրետ տվյալների վրա: «Երկրի ծոցեն դուրս եկած ամենաչնչին համարվող բեկորներ,—գրում է Թորամանյանը,—ավելի մեծ ճշմարտություններ պատմեցին մեզ քան քմահաճույքներու և նկատումներու տակ գրված պատմագրություններ»[2]:

Տարբեր էր նրա մոտեցումը նաև ճարտարապետական հուշարձանների նկատմամբ: Դրանք Թորամանյանի համար քարացած, միակտուր ամբողջություններ չէին: Հայկական իրականության մեջ պատահական երևույթ չեն եղել տաճարները, եկեղեցին, պարիսպը, կամուրջը և այլ շինություններ դարերի ընթացքում մի քանի անգամ ձևափոխելը կամ վերանորոգելը:

Հուշարձանի կրած ձևափոխությունները, ավելացված մասերը և նրանց կատարման ժամանակը բացահայտելուց հետո միայն Թորամանյանը որոշել է տվյալ հուշարձանի պատմական նշանակությունը: Ուսումնասիրման այդ մեթոդը կանխում էր հուշարձանի հիմնադրման և հետագայում կրած ձևափոխությունների ժամանակների ոճերը միմյանց հետ շփոթելու հնարավորությունը:

Եկեղեցիների ծավալային կոմպոզիցիաների և նրանց հատակագծային բաժանումների վրա Թորամանյանը տեսնում է զարգացման համեմատաբար տարբեր ուղղություններ, վերջինիս վրա նկատելով հայկական եկեղեցու պահանջների առավելագույն ազդեցություն:

Արևելյան արվեստի ականավոր պատմաբան Հ. Ստրժիգովսկին 1918 թվականին լույս ընծայած իր «Die Baukunst der Armenier und Europa» («Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան») հռչակավոր գրքում, որտեղ վեր հանեց հայ ճարտարապետության ինքնուրույնությունը և ջանաց ապացուցել նաև նրա ազդեցությունը ռոմանո-գոթական արվեստի հուշարձանների ոճի ձևավորման վրա՝ նկատի ունենալով Թորամանյանի ճշգրիտ մոտեցումը իր ուսումնասիրած առարկայի նկատմամբ, գրում է. «Չպիտի զարմանալ, եթե այստեղ խոսվի շատ բաների մասին, որ մինչ այժմ հայտնի չի եղել: Դրանով մենք պարտական ենք Թորամանյանին, որն իր երկարամյա փորձով ցույց տվեց մեզ ճանապարհ դեպի հուշարձանները, որոնց վրա մինչ այդ համարյա ուշադրություն չէր դարձվել»[3]:

Թորոս Թորամանյանի ցանկությունն էր իր ուսումնասիրությունները հրատարակել «Հայկական ճարտարապետություն» ընդհանուր սերիայով՝ առանձին

  1. Е. П., Древняя армянская архитектура, „Известия императорской археологической комиссии", Прибавление к выпуску 44-ому. с. П. Бург, 1912, էջ 92—93:
  2. Թ. Թորամանյան, Անիի պեղումներու առթիվ, «Հուշարար», 1907, № 8, էջ 120:
  3. Strzygowski, Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918, էջ 68: (Ընդգծումը մերն է—Ն. Թ.):