զգուշավոր վարվել հանդեպ անտարբերության մը, որուն աղբյուրը ինձ համար մութ էր։
Ներկա պարագան լիովին պարզեց այլևս, թե ին՞չ անհիմն տրամաբանությամբ «Մշակը» իրավամբ իրմե ակնկալվածեն հակառակ դիրք ունեցավ դեպի հասարակական մի մեծ գործ։
Հեռու բոլորովին ակնկալություններե և անպայման արդարանալ փորձելե, սույն նամակս կուղղեմ Ձեզ իբրև մի պարզ հիշատակագիր՝ եղած թյուրիմացություն մը մատնանշելու համար, ես կհավատամ ժամանակի գործած հրաշքներուն, օր մը ամեն ինչ կպարզե և կլուսաբանե։
Ընդունեցեք խորին հարգանքներս
68. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Ալեքսանդրապոլ
Մեծահարգ պ, բրոֆեսեոր,
Ստացա Ձեր մարտ 26 թվական բաց նամակը, կկրկնեմ իմ անուն շնորհակալություններս այն բոլոր աշխատություններու մասին, որ կատարած եք հոդվածիս վրա1։ Արդյոք հնարավոր չէ՞ հայերենին մի ընդօրինակությունը խրկել ինծի, եթե բնագիրը դարձընել անկարելի է, որովհետև ես չեմ արտագրած և թերևս հաջողվի ինծի ալ հայերենը տպագրել։
Մեկնելս2 բոլորովին անորոշ է. ծանրաբեռնված պարտքեր և ճանապարհածախսի չգոյությունը արգելք լինելեն զատ, Պոլսո նորագույն անկարգություններն ալ մի մեծ մտահոգություն պատճառեցին ինծի։ Մի երկու բարեկամներ դեռ կշարունակեն զիս հուսադրել աշխատանքս շարունակելու միջոցներ գտնելու խոստումով, բայց թե կհաջողի,՞ թե ոչ, այդ չի գիտեմ․․․
Առայժմ, քանի որ մնացած եմ այստեղ, սրտանց պատրաստ եմ մատուցանել Ձեզ ամեն ծառայություն, ինչ որ հաճո է Ձեզ. կարծեմ շատ անգամներ ես առիթ ունեցեր եմ Ձեզ հայտնելու, որ Ձեր նախանձելի ընկերությունը ոչ միայն ինձ պատիվ է, այլև բովանդակ կյանքիս մեջ հիշատակելի մեծագույն հաճույքը։