69. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
Արժ<անապատիվ> Հայր Գարեգին,
Ցավ է ինձ ըսել, որ ակամա ընդհատվեր եմ Ձեր ցանկալի հարաբերութենեն, շարք մը մտատանջություններ և վիճակի անստուգություններ ինծի մոռցուցին ամեն բան․ անակնկալ փոքրիկ հաջողություն մը սիրտ տվավ ինծի՝ վերստին շարունակել գործս և հասնել ցանկացածս եզրակացության հայ ճարտարապետության մասին։ Մտադիր էի նախապես ուսումնասիրել Երևանի շրջակայքը, մասնավորապես Գառնին1, սակայն առժամաբար հետաձգեցի որոշ նպատակով, որպեսզի կաթողիկոսին2 հետ կարենամ երկար առիթներ ունենալ տեսակցելու3 և հօգուտ գործիս խորհրդակցելու, որովհետև շատ մոտեն տեղեկություն ստացած եմ, որ վերին աստիճան համակիր է այս աշխատանքին։ Ահա այս պատճառով ալ հետազոտությունց առաջին արշավանքս այս կողմերեն սկսեցի։
Պատեհ առիթ եղավ նամակս Ձեզ ուղարկելու Պեշքիլիսեի վանահայր արժ<անապատիվ> Հարություն վարդապետի այդ կողմը գալը, որուն մասին ևս կուզեմ թախանձել Ձեզ, որ եթե կունենաք ոևէ միջոց անոր օգնելու, զիս շնորհապարտ կթողուք, շատ բաներու տեղյակ եմ և խղճով գիտեմ, որ անիրավ հալածանքի ու զրկանքի ենթարկված է այս վերջերս ընչաքաղցության տենչե բռնված միաբանի մը կողմանե: Ես չեմ ուզեր բոլորովին առավելություններով օժտել Հարություն հայր սուրբը, սակայն վանքը գնալուս, մեծ տպավորություններ ու տակ մեկներ եմ. անսպասելի կերպով շինությանց անաղարտ և մաքուր պահված ըլլալը բավական է վանահոր վարձատրության արժանավորությունը խոստովանելու, երբ մանավանդ բաղդատության դնենք ուրիշ շատ մը վանքերու օր օրի թալանվելը և քանդվելը՝ նույնիսկ վանահայրներու ձեռքով: Եվ, որ ավելին է, նույնիսկ ես խղճի ընդդեմ կգտնեմ չոր ապառաժներու մեջ երեսուն երկար տարիներ տանջվելով մի համեստ տնտեսություն կազմող և այդ հիշատակարաններն ալ միաժամանակ մաքուր պահպանող վանահոր մը վրա այդքան ծանր տանջանք ստեղծել՝ մինչև իսկ զրկելու սպառնալ: Ուստի ես մասնավորապես կխնդրեմ, որ եթե ոևէ հնար ունիք աջակցելու այս աշխատավոր ծերունիին, չի զլանաք և զիս շնորհապարտ թողուք։
Քսան օրե ի վեր կգտնվիմ Տեկոր. այս շաբթու կվերջացնեմ այստեղ աշխատանքս, կիրակի կամ երկուշաբթի մտադիր եմ գնալ