և ասոր համար ալ հարկավոր են ավելի մանր տեթայլներ և մասնավոր հատակագծեր` պարզ գծերե կազմված, որոնց վրա պիտի երևնա ժամանակի ոգին ու ներգործական կամ կրավորական դերր համաշխարհային ճարտարապետության մեջ։
Մինչև այժմ, բացի Ձեզ խրկածս ռուսերեն լեզվով Էջմիածնի հետազոտութենես3, ոչ մի հրատարակություն չեմ ըրած և չէի կարող ալ ընել, որովհետև դյուրին չէր մեկեն ի մեկ ըմբռնել առնվազն 20 երկար դարեր անընդհատ ապրող ու զարգացող արվեստի մը ոճն ու բնությունը` ցրված ամեն կողմ և մեծ մասամբ թաղված հողի, մոխիրի ներքև, այն ալ բոլորին անմշակ։ Ես էի, որ ուսումնասիրության սկիզբը դնելու բախտը թե՝ դժբախտությունը ունեցա 1903 թվականին․ անկեց ի վեր անընդհատ, գիշեր ցերեկ, զրկանքի ու տառապանքի տակ ճնշված, հազիվ հազ ունեցա հայ ճարտարապետության մեկ քանի ճյուղերուն վրա գրելու համար հասունցած նյութեր։
Մինչև օրս հետազոտություններուս սահմանը եղած է Շիրակեն մինչև Արշակունիք—Երասխի ափերը, բայց վերին աստիճան մանրակրկիտ կերպով, սակայն դեռ կմնան Արարատյան և Սյունյաց նահանգները, որոնք ավելի կարևոր և հնագույն գանձեր կպարունակեն հայ ճարտարապետության համար։ Եթե կարենամ միջոցներ գտնել և մեկ երկու տարի ալ անոնց քննությամբը գբաղիլ, այն ատեն կարող եմ վստահ կերպով վերջին խոսքս ըսել հայ ճարտարապետության գեթ այն մասին նկատմամբ, որ աճեր ու զարգացեր է պարսկական Հայաստանի մի կարևոր բաժնին մեջ։
Այժմ որչա՞փ ցանկալի էր, որ գտնվեին ինծի պես քանի մը հատ բախտեն արհամարված հուսահատ խելակորույսներ և ձեռնարկեին Վասպուրականը, Տարոնը, Փոքր Հայքը և Կիլիկիան ուսումնասիրելու, այն ատեն մենք կունենայինք ամբողջ Հայաստանի բազմադարյան քաղաքակրթությունը ճիշտ պատկերացնող հոյակապ հատորներ։
Աշխատությունս4 այնքան մեծ է, որ պատկերներու կույտը առանց կիսելու չեմ կարող տեղեն վերցնել. հավատարիմ ընդօրինակությամբ և ճիշտ չափագրությամբ հավաքեր եմ ավելի քան չորս հազար նմուշներ` հայ ճարտարապետության և քանդակագործության հատուկ։ Ճշտեր եմ յուրաքանչյուրին ժամանակը, նկարագրեր եմ տեղը, դիրքը և վերջապես այն ամենը, որ անհրաժեշտ է հայ ճարտարապետության պատմության համար։ Ասոնց հետ միաժամանակ՝ օտար հնագույն ճարտարապետությանց հատուկտորներ