խնդրեմ Ձեզմե, որ ուշադրություն դարձնեք կետադրություններու, կրկնված և մոռացված բառերու։ Եթե Ձեզ ալ հաճելի է, հոդվածիս ետևը դրված ծանոթությունները յուրաքանչյուր պատահած երեսի ներքևը դրեք։ Պատկերներու տեղը նշանակված են մատիտով1։
Գուցե պատկերներուն քանակը շատ երևա Ձեզ և ծանրություն պատճառե, այնուամենայնիվ Ձեզ համար ամեն տեսակ խնայողություն ի նկատի ունենալով, այդ քանակը անհրաժեշտ եմ համարած։
Գագկաշեն ս․ Գրիգորի պատկերը անհաջող նկարված է, բայց հնար չիկար ավելի լավը լուսանկարելու, որովհետև նկարածս բնագիրը այժմ Պետերբուրգ կգտնվի։ Ղոշավանքի առաստաղը2 իմ աշխատությունս է, կփափագիմ, որ խնամքով տպվի, ինչպես նաև երկու խաչքարերը3, որոնք իրենց շրջանին գլուխ-գործոցներ են։ Երբ կվերջացնեք հրատարակությունը, շնորհ բերեք ետ դարձնել երկու խաչքարերուն և Զվարթնոցի խոյակներուն լուսանկարները, որովհետ<և> անոնցմե ուրիշ օրինակ չունիմ և շատ դժվար ալ է ձեռք անցնել։
Երբ կստանաք ամեն բան, բարեհաճեք ինծի իմացնել, որպեսզի միամտիմ։
Անշուշտ գիրքս4 մինչև այժմ խրկած կըլլաք, անհամբեր կսպասեմ անոր գալուն, թերևս զատիկեն հետո ալ ճանապարհվեմ դեպի Էջմիածին և հետո Անի։
83․ ՀՈՐԻԶՈՆ-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
Ալեքսանդրապոլ
Մի մրցանակի առթիվ
Նամակ խմբագրության
«Մշակ»-ի1 № 65-ի մեջ «К<авказ>»2 լրագրեն արտատպված լուրե մը կիմանանք, որ Էջմիածնի վերանորոգության հանձնաժողովը շուտով մրցում կհայտարարե «և լավագույն նախագծի համար նշանակված է 1000 ռուբլի պարգև: Անկախ դրանից մասնաժողովը հանձնել է վանքի կառուցման նախագծեր կազմել առանձին Ա. Րագոյսկիին, Ք. Տեր-Սարգսյանին և Թորամանյանին»3։