Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչև այսօր ինծի ոչինչ հայտնի չէ, կարող է ստույգ կամ սխալ լինել լրագրական այդ լուրը իմ անվանս նկատմամբ, ինչպես որ սխալ էր Էջմիածինը քննելու գնացող մասնախումբի մեջ ալ իմ մասնակցությանս լուրը: («Баку»4, 1909, № 270)։ Բայց խմբագրական անհիմն և անստույգ լուրեր արգելք չեն կարող լինել, որ իմ անկախ կարծիքը ունենամ հասարակական գործի մը վերաբերմամբ եղած հրապարակային որոշման մը մասին։

Ինծի միանգամայն անհասկանալի մնաց ազատ մրցման հետ միաժամանակ, մասնավորներու ալ հանձնարարություններ տրվելու մասին որոշումը։ Ի՞նչ նպատակ կարող է գտնվել երեք հոգիներու առանձին պատվեր տրվելուն մեջ։ Եթե մրցակիցներիս բոլոր ծրագրերը երեք մասնավոր ծրագիրներու հետ անխտիր պիտի ներկայացվեն անաչառ քննադատության,— և օրինական ճանապարհն ալ այս կպահանջե, — այն ատեն, իմ կարծիքով մասնավորներու ընտրությունը միանգամայն անտեղի լինելեն զատ, կարող է նաև անհաճո հետևանքներ ալ ունենալ։ Նախկին մրցումը առավելություն տրված երեք ընտրվածներու ցույցը կչեզոքացնե արտաքին մրցումներու ձգտումը և կանխավ ուշադրության արժանի համարված ծրագրերու հավանական ենթադրության առջև՝ դժվար թե արտաքին մրցակիցներ անօգուտ փորձ կատարեն անհուսալի վարձատրության համար։

Պահ մը ենթադրենք, որ ես մենակ եմ մտածելու կերպիս մեջ և մրցակիցներ շատ կգտնվին, սակայն եթե պատահի, որ քննադատության մասնաժողովի մեջ արտաքին մրցակիցներեն մեկը շահի մրցանակը, այն ատեն ի՞նչ անուն պիտի տրվի երեք ընտրվածներու վճարված գումարին, և երեք ընտրվածներ ի՞նչ տրամաբանությամբ պիտի ընդունին իրենց աշխատավարձ՝ հանդեպ ուրիշ մրցանակազուրկ ձրի աշխատողներու։

Իսկ եթե դիպվածով երեք ընտրվածներեն մեկուն վիճակվի մրցանակը, անտարակույս հանձնաժողովը ոչ միայն տրտունջներու և բազմակողմանի ենթադրություններու առիթ պիտի տա, այլ ևս գուցե պատճառ ալ դառնա արվեստագետներու մեջ անախորժ հարաբերություններ ստեղծվելուն։

Շինության հանձնաժողովը ավելի օրինական ուղղության հետևած կլիներ, եթե ազատ ու անխտիր մրցում հայտարարեր, որով ոչ մի ատելություն առաջ չի գալեն զատ, արժանավորը միայն բացարձակ իրավունք կստանար վարձատրվելու։ Եթե հանձնաժողովը ցանկություն ունի արժանավորին լիուլի վարձատրություն տալ,