88. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Ալեքսանդրապոլ
Մեծահարգ տեր,
Ամսիս 12-ին մեկնեցա Էջմիածինեն՝ հրատարակությանս գործը1 փութացնելու համար, ուստի չի կարողացա սպասել սնդիկամանը2 անձամբ փոշթեն ստանալու համար, որուն մասին վաղօրոք տեղեկություն առած էի։ Երեկ մի նամակ ստացա Գարեգին հայր սուրբեն, որ ինքը ստանալով վերստին հանձներ է փոշթին Ձեր հասցեով։ Արդ, կփութամ իմ կողմանե մեկ քանի կարևոր տեղեկություններ տալ անոր մասին։
Բերանին փայտե խողովակ անցվածը չեն կարողացեր գտնել, երևի վաղուց գործածութենե դադրեր է։ Ինծի տրված տեղեկության համաձայն, բերանը կփակեն մեղրամոմով և մեղրամոմին վրայեն մի ծակ կբանան ասեղով, որպեսզի ասեղի փոքրիկ ծակեն մազանման բարակ վազե սնդիկը և այնչափ, որչափ որ պետք է վազցնել։ Մեջը լեցված հունդը այն է, որ ծեծելով և բարակ մաղելով, երբեմն ալ հինայի հետ խառնած կշաղվեն թուքով կամ ձեթով միաժամանակ՝ սնդիկն ալ մեջը լուծելով, և այդ բաղադրությունը կքսեն ոչ միայն կանանց և երեխաներու մազերուն մեջ ոջիլի բույներ փճացնելու համար, այլև երբեմն ալ վերքերու, քոսերու և մորթի բորբոքված մասերու վրա։ Անասուններու վրա ալ կքսեն, եթե նմանօրինակ հիվանդություններ ու աղտեղություններ երևին անոնց վրա։
Թախանձագին կխնդրեմ շնորհ բերել պ. Կ. Կոստանյանցի հոդվածը3 խրկել, որպեսզի հրատարակության գործը չարգելվի։
Մնամ միշտ Ձեր խ<ոնարհ> ծառա