Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրդովելու և հուզվելու պատճառներ. Կարապետ և Բենիկ վարդապետներու վարմունքը վերջինը միայն եղան անոր վիշտը ծայրահեղության հասցնող։ Բենիկ վ<ա>րդ<ապետ> գրավոր ներկայացուցեր էր իրեն անմարդավայել հանդիմանագիրը, իսկ Կարապետ եպիսկոպոս անձամբ դեմ առ դեմ խստիվ քննադատեր է կաթողիկոսական հոռի վարչությունը՝ հայ ժողովրդի անունով, որուն վրա կաթողիկոսը զայրացած, թեև խայտառակորեն դուրս վռնտեր է վեհարանեն, սակայն այն օրեն ի վեր այլևս խանգարված էր ֆիզիկական դրությունը 7—8 օր, մինչև տեղի ունեցավ հիվանդության առաջին խիստ հարվածը։

Հայրապետի մահը փութացուց Էջմիածնի միաբանությունը, դա անկասկած է, իսկ եթե փնտրենք մեկ հատ սրտոտ մարդ բոլոր միաբանության մեջ՝ այդ ալ չեք կարող գտնել։ Երկու ծայրահեղ կուսակցություններ՝ հայրապետական գահը շրջապատած, հավասարապես մեղանչեցին անոր եղեռական մահվան մեջ. եթե մեկ կուսակցությունը յուր պարտության վրեժը սուտ ու սխալ քննադատություններով լուծել կուզեր, մյուս կուսակցությունն ալ հայրապետի համակրանքն ու վստահությունը զրահի պես հագած՝ ոչ մի սրբության առջև կանգ չէին առներ, իրենց հակառակորդները կատղեցնելու, փրփրեցնելու համար, որոնց պարագլուխն էր մի բիրտ, ամբարտավան վայրենի, որուն որ դուք ուղտ անվամբ բնորոշեր եք Էջմիածին եկած ժամանակնիդ։ Երկու կողմն ալ կարող, երկու կողմն ալ ճարպիկ դավեր ու չարիքներ ստեղծելու համար, դուրսը կատաղի կերպով մղեցին պայքարը, և այնքան շարունակեցին, որ վերջապես ծայրը հասավ մինչև խեղճ կաթողիկոսին և զոհ եղավ. անոնց էնթրիքներուն։ Երանի թե ասով վերջանար ամեն բան. ինչպես կտեսնեմ «այս ամենայն սկիզբն է չարյաց», մեծ չարիքներ է բացվելու հառաջիկային խեղճ ժողովուրդին գլխուն, հաղթանակի ահեղ կռիվը արդեն հիմակվընե սկսած է, եթե ասոնցմե ավելի մի ուժեղ կողմ չի գտնվի, որ միանգամայն ավլե ու սրբե այս չարիքները՝ վայը կուգա մեր գլխին։

Հ. Գ. Հոդվածս3 երբ կհրատարակվի մի քանի օրինակ խրկել հաճեցեք, առանձնապես խրկելու տեղեր ունիմ։ Այսուհետև նամակ ևն խրկեցեք Ալեքսանդրապոլ։ Քանի մը օրեն կմեկնիմ այստեղեն և հավանական է գարնան միայն վերադառնամ. համենայն դեպս Ձեզ կիմացնեմ գարնան որ կողմերը գնալս, պիտի ջանամ հառաջիկա ամառ Արագածի շրջանը վերջացնել։

Մնամ խորին հարգանոք
Թ. Թորամանյան