Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վրա շատ բան կարելի էր ըսել այն ատեն, երբ գոնե մասամբ ներկայացված չորս ծրագիրներուն մասին տեղեկություն ունենայինք թե ի՞նչ ձև շինած են։ Ես կկարծեմ, որ եթե լուսաբանության հարց չի դրվի և խնդիրը մամուլի մեջ չի ծեծվի, մենք ոչինչ չենք կարող հասկընալ։ Ես ամեն կերպ հակված եմ հավատալու, որ բոլորովին տհաս կերպով մշակված հանձնաժողովի բրոգրամը ոչ նվազ արգելք էր արվեստագետին լուրջ բան արտադրելու։ Իհարկե, Դուք բրոգրամի քննադատության վերաբերյալ ոչ մի խոսք չեք ըներ, այդ մասը ինծի վերապահած եմ ապագային, եթե փոքր ի շատե պարզվի խնդիրը։

Եթե հարմար կդատեք վերոգրյալ երկու հարցերով խնդիրը բացեք, սակայն ինձմե բոլորովին անկախ կերպով, չեմ ուզեր առայժմ իմ անվանս շուրջը ամենափոքր կասկած իսկ գտնվի։

Եթե կարողանաք իմանալ մասնակցող և մերժվող ճարտարապետներուն անունը, ինծի գրեցեք. գիտնալս ցանկալի է։

Զիս ալ թե կհարցնեք, մարմնով առողջ եմ, բայց հոգով հիվանդ։ Վռամի վերաբերմամբ կատարեցի Ձեր հանձնարարությունը, ըսավ «լավ կեղնի»։

Ի դեպ է այստեղ խնդրել, եթե հնար է գտնեք ինծի մի Վարդան Բարձրաբերդցի, մի Արիստակես Լաստիվերտցի, շատ կարևոր են մանավանդ այս օրերս: Իսկ առաջիկայի համար կարոտ եմ մեկ Մովսես Կաղանկատվացիի, և մեկ ալ Ստեփանոս Սյունեցիի։ Եթե հարմարություններ ունենաք շնորհ բերեք ինծի խրկելու։

Ֆրանսերեն քաթալոկներ դեռ աչքի չեմ անցուցեր, կսպասեմ մի քիչ հաջող օրերու․ Զվարթնոց—Գագկաշենի աշխատանքիս համար պետք պիտի ունենամ մի քանի աղբյուրներու, սակայն դեռ ժամանակ շատ կա։ Մաղթելով Ձեզ կատարյալ առողջություն

Մնամ խորին հարգանոք
Թ. Թորամանյան

<Հ.Գ> Մասնավոր կերպով կրկին պիտի խնդրեմ Վարդան Բարձրաբերդցիի և Արիստակես Լաստիվերտցիի համար, նոր բան գրելու պիտի ձեռնարկեմ անպայման պետք են ձեռքս, որքան շուտ այնքան լավ։