Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

92. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

1911, 15/28 հուլիսի
Ալեքսանդրապոլ

Մեծարգո բարեկամ պ. Ա. Չոպանյան,

Շնորհակալ եմ Ձեր սրտագին շնորհավորության համար, թեև թվով շատ քիչ, սակայն միշտ հպարտ եմ Ձեզ նման ազնիվ հոգվով սնած և անկեղծ սրտով աշխատություններս գնահատող բարեկամներով։ Որչափ կուզեն թող չարամիտ մարդիկ դավեն ու հարվածեն զիս, գուցե կհաջողեն զիս անոթի և մերկ թողուլ, սակայն երբեք չեն կարող անպատվել։ Ես որչափ ատեն որ համոզված եմ. թե իմ աշխատությանս պտուղը ամբողջ ազգի մը սեփականությունն է, կհավատամ, թե իմ տեղ ազգը վրեժխնդիր պիտի ըլլա անոնց դեմ և անարգանաց սյունին գամե զիրենք։

Ոչ միայն Ձեզ, այլ շատերը տարօրինակ զարմանքի մեջ ձգեց հայտնությունս1 և ոչ ոք չուզեր հավատալ, թե ինձ նման նահատակ աշխատավորի գործն ալ թշնամի կունենա, սակայն ինչ օգուտ, որ տխուր ճշմարտություն է և սկսած է հալածանքը ինձի դեմ դեռ 1904 թվականեն սկսած։

Մարդիկ կան, որ չարության համար ծնած են, ինչպես օձն ու կարիճը՝ թունավորելու համար. այս դասակարգեն է մեր մագիստրոս Մեսրոպ եպիսկոպոսը, որուն համար ոչ մի սրբություն չկա, բացի իր անձը։ Իսկ եթե դիմացինը տաճկահայ է, սպանել, ոչնչացնելը առաքինություն է իրեն համար։

Ահավասիկ հալածվելուս պատճառը և սկիզբը։ 1904 թվականին, 4—5 ամիս չարաչար աշխատությամբ, վերակազմեցի Զվարթնոց եկեղեցին, որն որ այսօր վերջնականապես ընդունված է կետ առ կետ՝ պր․ Ն. Մառի հրավիրանոք, երկու ակադեմիական ճարտարապետներու քննությամբ, անցյալ 1910 թվականին։

Մեսրոպ եպիսկոպոս (այն ատեն վարդապետ), իմ տաճկահայ և հոսհոս ըլլալուս բացարձակ պատճառավ, ոչ միայն չի հավատաց իմ կազմած ծրագրիս, այլև անամոթաբար «Ազգագրական հանդեսի»2 մեջ հրատարակեց մի ուսումնասիրություն Զվարթնոցի անունով և այդ ուսումնասիրության մեջ իմ բոլոր աշխատանքս և գյուտերս վերագրեց իրեն բարեկամ տեղացի ճարտարապետի3։ Ինձմե առաջ պր. Ն. Մառ խայտառակեց զինքը՝ բացատրություն պահանջելով և մատնանշելով այն գրագողությունները4, որոնք կատարված էին իմ աշխատություններես և ավելցված իրեն ներկայացուցած