Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրպանը դեռ երեկ ճարտարապետի վկայական դնող ակադեմիական ճարտարապետներ ոչ միայն չեն համարձակվում Թորամանյանին հիմար անվանել, այլև վերին աստիճան հետաքրքրվում են անոր գործերով»։ Առ այս անամոթ պարոնը, երբ կպատասխանե, թե Դուք ալ ոչինչ չգիտեք, Ձեր ակադեմիականներն ալ, այն ատեն կատաղած պր. Ն. Մառ փողոցի դռան ճամփան ցույց կուտա և շան պես կվռնդե։ Եվ ի՞նչ տարօրինակ բան, որ այս բոլոր հակառակորդներս, բացի Մեսրոպեն, ոչ միայն գործերս ամենևին չեն տեսած, այլև զիս ալ ամենևին չեն տեսած։

Ահա այս հոսանքը միշտ կգործե հակառակ ինծի. ասոր վրա ավելցուցեք «Մշակի»6 խմբագրության ամբողջ կազմը Լեոի հետ մտերմական հարաբերությանս7 պատճառավ, պատկերը կատարյալ կըլլա։ Ի՞նչ կարող եմ ընել` օտարական մեկ մարդ, ծանոթ չունիմ, շրջան չունիմ, իմ համակրողներս թեև ազնիվ մարդիկ, սակայն նյութապես անկարող. դրամատերեր ինձ անմատչելի և իմ համակրողներես ավելի մոտիկ են թշնամիներուս, որոնք ըստ բավականի մեծ դիրք ունին Կովկասի մեջ իրենց պաշտոնների բերմամբ։

Ահա Ձեր ցանկության համեմատ քանի մը տողով ուրվագծեցի եղելությունը և իմ հակառակորդներուս պատկերը. սակայն հատկապես կխնդրեմ որևէ հրապարակային խնդիր չընեք, առայժմ բավական կսեպեմ, ինչ որ տվի իմ առաջաբանովս։ Քանի դեռ գործս թերի է և կամա թե ակամա ստիպված եմ այս տեղերը մնալ, առայժմ զգույշ վարվելս անհրաժեշտ կհամարեմ գործիս սիրույն, որ մի գուցե բոլորովին վտանգվի և ութ տարվան աշխատությունս կորսվի։ Եթե ես տաճկահայերեն համակրողներ ունենայի, որոնք գոնե իրենց արժանապատվությունը բարձրացնելու համար ինծի օգնության ձեռք երկնցնեին, այն ատեն ես առանց մտածելու հրապարակավ կպատռեի ամենուն ալ դիմակը և ութը տարիե ի վեր սրտիս մեջ ամբարված թույնը կթափեի. սակայն այդ կողմանե ոչ միայն հուսահատ եմ, այլև երբ և իցե հույս ալ չէ ծագած սրտիս մեջ, որովհետև ես ոչ մի հասկացողության քայլ չի տեսա այդ մարդոց քով:

«Անահիտ»-ի8 հոդվածս9 պարունակող երկու թիվը ստացա, շնորհակալ եմ, և նամակ ալ գրեցի, որն որ մինչև հիմա ստացած կըլլաք, իսկ 3—4 թիվը չեմ ստացած, միայն լսեցի, որ իմ անվանս ալ նվիրեր եք առանձին տողեր10։ Ցանկալի էր, որ այդ թիվը ունենայի։