94. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
Սեբաստիա
Մեծարգո Թորոս էֆ<ենդի> Թորամանյան,
- Վերանորոգիչ հայ ճարտարապետության գիտության, յԱղեքսանդրաբոլ
«Լավ է անագան քան երբեք» ճիշտ տեղն է, որ կվերաբերի այս առածը։ Չէի մոռցած Ձեզ տված խոստումս, բայց ժամանակեն ավելի պատեհություններն էին, որ կպակսեին և ես ցարդ կզրկվեի հայկական ճարտարապետության անձնանվեր և գիտուն վաստակավորիդ դույզն ծառայություն մ'ընելու հաճույքեն։
Քանի մը ամիսներ առաջ քննչական պաշտոնով ձեր հայրենիքը Շաբին Գարահիսար՝ երթալու առիթով, այցելեցի Թամզարայի ս. Գեորգ, Ածպտերի ս. Նշան և Սսի ս. Առաքելոց վանքերը։ Կփափաքեի շրջել նաև Աշխարովայի բոլոր գյուղերը, բայց, դժբախտաբար, թե իմ պաշտոնատեղիիս զբաղմանցս շատությունը և թե՛ մանավանդ, այդ գյուղերուն մեջ նույն միջոցին սկսած և տարածված քոլերայի համաճարակը արգելք եղան նպատակիս իրագործմանը, և այդ կերպով չկրցի գոհացում տալ՝ այդ նշանավոր դաշտին մեջ դես ու դեն տակավին մնացած հնություններուն մասին գաղափար մը կազմելու հետաքննական փափաքներուս։ Թեև Շապին Գարահիսարի մեջ ալ այդ մասին բավական հարցուփորձ ըրի բանգետ անձերու, և փոքրիշատե ցիրուցան տեղեկություններ հավաքեցի, բայց որովհետև նույն այն անձերը (Ավետիս էֆ. Սահակյան և Ավագ էֆ. Մուրդիկյան), որոնցմե քաղեցի հավաքած ծանոթություններս, Ձեզ ալ ղրկեցին արդեն ավելի մանրամասնված նույն տեղեկությունները1, ավելորդ պիտի համարեմ հոս երկարաբանել այդ մասին, կրկնություններե խորշած ըլլալու համար։
Թամզարայի ս. Գեորգը երեսուն տարի առաջ շինված կամ հիմանց վերանորոգված ըլլալով, հնախոսական ոևէ արժեք չունի: Նույնպես նաև Ածպտերի ս. Նշանը, որ, ըստ ասության տեղացիներու, իբր 50 տարիներ առաջ Աբրահամ եպիս. Սարկավագյանի առաջնորդության ատեն հիմեն վերանորոգվեր է։ Երկուքն ալ այժմ փլչելու վտանգ կսպառնան. երկրաշարժներե խախտած և տանիքներուն ծածքին անհարմարությանց պատճառավ անձրևներու և վնասներու դեմ երկար ատեն անպատսպար մնացած ըլլալով։ Թեև