Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոչումներով, կրկնահարկ են, բայց այժմ ծեփված, դուրսի կողմեն ունին փոքրիկ լուսամուտներ. եկեղեցիին գմբեթը կկանգնի դասին վրա։ ԺԹ դարու սկիզբները գրված ձեռագիր վանացս պատմության մը մեջ, Հովհ. եպիսկ. առաջնորդը կը դիտե թե ավագ խորանին երկու կողմերը, կարմրանշված կետերուն վերևոքը կային պզտիկ երկու սենյակներ, ուր կերևային թագավորն ու թագուհին. ժողովուրդին պատկանած մասին մեջ, երկու կարմրանշած տեղերը կան մի մի սեղան, նույնպես հարավային կողմը կարմրակետված տեղը դրսեն կերևի փակյալ դռան մը հայտնի տեղը, եկեղեցվո ներքին կողմը հախճապակիով պատված է պատերուն մինչև կես բարձրությունը. անկեց վեր ծեփված է կիրով. առջևը կա ընդարձակ գավթասենյակ մը, ուր թաղված կան վանքին հին առաջնորդներն ու միաբանները: Դուրսը՝ պատին մեջ, ագուցված են հին խաչքարեր, որոնցմե մին Ձեր Տեկորի տաճարին վերա գրած ուսումնասիրության մեջ զետեղածին կնմանի շատ։ Դժբախտաբար կարելի չեղավ ճշտել պատերուն թանձրությունը, զի տաճարին երեք կողմերը գոցված են ուրիշ շենքերով։

Դ. (ս. Հրեշտակապետ). Հնագույն շենքի մը տպավորությունը կուտա տեսնողին. վրայի հիշատակարանները հազիվ քանի մը դարու կպատկանին. ժողովուրդին մեջ ավանդություն մը կա թե ս. Ներսես Շնորհալի շինել տված է այս տաճարը, և այս առթիվ երգած Հրեշտակաց շարականը՝ «Որ յանէից»։ Երկայնությունն է 13 մեթր, լայնքը՝ 9 մեթր, բարձրաթմբուկ գմբեթը կկանգնի ութ սյուներու վերա, որոնք կիսով չափ պատին մեջ հյուսված են, և բոլորշի ձևով ծեփված։ Գմբեթին մեջ կան տգեղ պատկերներ, ջրաներկ, զանազան վերտառություններով հանդերձ։ Մկրտության ավազանը կգտնվի արևմտյան հյուս<իսային> կողմի կարմրանշված կետին տեղը. ձախակողմյան թևին կիսաշրջանակին մեջտեղը կա դուռ մը, ուսկից կմտնվի կից տաճարը, որ կկոչվի ս. Կարապետ և նորաշեն խարխուլ շենք մ՚ է։ Ավագ խորանին երկկողմի սենյակները, վերածած են սեղաններու. կրկնահարկ են, և վրայի մասերնին կմնան բաց։ Տաճարը ունի գավթամաս մը, ուր գերեզմաններ կան. չորս կողմն ալ փակված լինելով ուրիշ շենքերով, կարելի չեղավ չափել պատին թանձրությունը։ Կերևի թե այս եկեղեցիին նախատիպ ծառայած է Աստվածածնի մատուռը։

Չեմ գիտեր թե այս հատակագիծերեն պիտի կարելի ըլլա՞ գաղափար մը կազմել այս շենքերուն թվականին մասին. այսինքն չեմ գիտեր, թե կրցա՞ծ եմ փոքր ի շատե ճշտությամբ գծել. իբրև չափացույց