գործածած եմ ներփակյալ գծացուցակը, որուն մեն մի մեծ քառակուսին կներկայացնե մեկ մեթր։ Այս տեղ տակավին կան հատակագծելի շենքեր, եթե ունենամ հարցարան մը, ուրուն համեմատ կարենամ կատարել խուզարկություններս, շատ կդյուրանա գործս և Ձեզ ալ ավելի ևս կրնամ օգտակար ըլլալ։ Ուստի, պիտի խնդրեի որ առաջին պատեհությանն իսկ՝ ինծի ցույց տայիք ֆրանսերեն գիրք մը, որ ճարտարապետության արհեստին նախատարերքը և շենքի մը հատակագծին ու զանազան հատվածակողմերուն նկարագրությունը ընելու կերպը ուսուցանէ, նույնպես նաև ցույց տա այն գործիքները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի բավական նպատակահարմար ըլլա կատարվելիք աշխատությունը։
Գարահիսարե դարձես ի վեր, 20 օրերե ի վեր տենդե կտառապեի, այս պատճառավ հազիվ գրեցի ներկայս. կխորհիմ, թե աղճատ և անկարգ եղավ նկատողություններս։ Չմոռանամ, հոն տեսա եղբորդ, Ձեզ համանման, ազնիվ և համեստ, երանի թե ի վիճակի լինեիք մի քիչ ձեռնտու լինելու իրեն։
Ձեր անձին ու աշխատություններով հանդեպ հիացումի և խորին հարգանքի զգացումներով, մնամ աղոթարար։
Առաջնորդ Սեբաստիո
95. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ
Ալեքսադրապոլ
Մեծարգո բարեկամ պ․ Ա, Չոպանյան,
Երեկ ստացա նամակնիդ, այսօր ապահովագրված կխրկեմ հոդվածս1։ Ինչպես կտեսնեք նախորդ2 հոդվածես ավելի երկար է, բայց իմ հայացքով կարևոր էր, եթե Ձեր կողմանե բոլորովին անփոփոխ տպվելու արգելք մը չըլլար, այն ատեն պիտի խնդրեմ, որ, ինչպես նախորդ հոդվածս, նույնպես ալ ասիկա ամբողջությամբ մեկ անգամեն տպելու շնորհ ընեք։ Որովհետև մտադիր եմ «Անահիտ»-ը3 այստեղ ստացվելեն հետո իբրև անկե արտատպություն վերստին տպել՝ հուսալով, որ ինծի փոքրիկ հասույթ մը կուտա: