եմ համարում, եթե հաճախորդների համար նոր սենյակներ չեն լինի պատրաստ։ Գուցե առիթ կունենաք հ<այր> Միքայելի հետ խորհրդակցել սորա մասին և ինձ առաջուց իմաց տալ նամակով: Առայժմ ցտեսություն կամ ցնոր նամակ։
2. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Ալեքսանդրապոլ
Մեծահարգ պ. բրոֆեսեոր,
Ներկայիս կփութամ Ձեզ իմացնել, որ վերջնականապես հաստատվեցա Ալեքսանդրապոլի մեջ1 և սկսա ձմեռնային2 աշխատություններուս երեք օրե իվեր։ Կհուսամ, որ մինչև հառաջիկա մայիս մի քանի լավ կտորներ դուրս բերեմ և մայիսեն հետո ալ՝ Անիի մեջ պակաս մնացած գործերս3 ամբողջացնեմ։
Կրկին անգամ իմ խորին շնորհակալությունս կհայտնեմ այն մարդասեր հոգածության համար, որ ցույց տվիք ինձ. վերին աստիճանի հուսահատ դրության մատնված էի։ 100 ռուբլին4 ինծի բավականին մեծ օգուտ տվավ. անմիջապես Թիֆլիզեն, մաս մ՚ալ այս տեղեն գործիս համար անհրաժեշտ պիտույքներս հոգացի, գեթ քիչ մը ժամանակվան համար միամտած` գործիս ձեռնարկեցի, միայն թե անկեղծ ըլլալու համար համարձակիմ ըսելու, որ ձմեռնային շորեղենի և սնունդի համար ոչինչ չի մնաց, ստիպված եմ համբերել մինչև ինձ բարերարել խոստացող ազնիվ անձնավորությանց խրկելիք գումարին. այս առթիվ Ձեր վեհանձն ներողամտություն<ը> խնդրելով՝ պիտի համարձակիմ աղաչել, որ եթե հնար է, միմիայն այս անգամին ալ, երկու ամսական միասին բարեհաճին խրկել, ովքեր որ են այդ բարերարներս, որպեսզի այս անգամ կարողանամ ձմեռվան դեմ ալ ինքզինքս ապահովել և ըստ կարելվույն ալ կարգի դնել ապրուստիս խնդիրը։ Անկեց անդին այլևս կդյուրանա և կհուսամ ալ, որ միշտ կբավականանամ խոստացյալ չափով, առանց զրկանքի, ուստի դարձյալ ներողամտություննիդ կխնդրեմ այս անտեղի համարձակությանս։ Ընդունեցեք շնորհակալիքս և երախտագիտությունս ընդմիշտ, նաև կրկին շնորհակալություն ինձ բարերարող անծանոթ անձնավորությանց։