Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

105. ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

1912, 22 մարտի
Ալեքսանդրապոլ

Բարձրապատիվ հ<այր> Գարեգին,

Ուրախությամբ կողջունեմ Ձեր վերադարձը1, մեծ հաճույքով կլսեի երբեմն Ձեր հաջողությունները. կմաղթեմ ալ ավելի հաջողություններ և կարողություն գլուխ հանելու համար սկսածնիդ դժվարին, բայց մեծ ու գեղեցիկ գործը2։

Ճիշտ է, որ քանի մը օրվան համար մտադրություն ունիմ այդ կողմերը գալու պ. Ատրպետի հետ. առայժմ չեմ կարող երկար հեռանալ, որովհետև սեղանիս վրա թերակատար պատկերներ ունիմ Զվարթնոցի աշխատութենես։ Անոնք հազիվ վերջանան մինչև ապրիլ ամսի վերջը, մտադիր եմ նախապես հրատարակության պատրաստ վիճակի դնել Զվարթնոցի աշխատությունս, թեև տակավին շատ գործ ունիմ և հազիվ հառաջիկա գարնան կարողանամ հասցնել. մոտ 200 պատկեր պետք է պատրաստվի, որուն շատ քիչը ունիմ առայժմ պատրաստ։ Այս տարվան ամբողջ ամառը կուզեմ Արագածի շուրջը անցընել, որով նաև ծրագրիս անհրաժեշտ մեկ մասը կկազմե Հաննավանքը. նաև կուզեմ անպատճառ Ավանի եկեղեցին և իր նմաններեն մեկ երկու օրինակ չափագրել։ Արդ, եթե հանգամանքները նպաստեն ինձ և կարողանամ փոքր ինչ միջոց ստեղծել մայիսի սկիզբը կձեռնարկեմ ճանապարհորդության, բնականաբար առաջին անգամ դեպի Ձեզ գալով3։ Հաճույքով պիտի վայելեմ Ձեր ընկերակցությունը։

Ձեր Պետերբուրգ մեկնելը չի գիտնալով՝ նամակով մը ղրկեցի քանի մը ձեռագրեն առնված լուսանկարներ, չորս կտոր ալ հետո պատրաստեցի, որոնք կդնեմ նամակիս մեջ։ Ավելին շարունակել Ձեր հավանութենեն կախված էր, գուցե նպատակահարմար չէին, որովհետև շատ անպետք գործիքով առնված են. քանի որ ակներև էր Ձեր ալ ուշանալը, ստիպված ձեռագիրը հանձնեցի տեղը։ Սրտագին բարևներս հաճեցեք տալ պ. Ե<ղիշե> Թադևոսյանին։

Մնամ խոնարհ հարգանոք

Թ. Թորամանյան

Հ. Գ. Եթե պետք ունենաք գրելու, հասցես գրեցեք պարզապես իմ անունով, անկորուստ և ժամանակին կհասնի ինձ։